Մատչելիության հղումներ

Չնայած Փաշինյանի խոստմանը, ջուրը թանկանում է. քաղաքացիները դժգոհ են` «կյանքը միայն վատանում է»


Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի նախընտրական խոստմանը, թե մինչև 2024թ. Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու, այն կթանկանա ավելի քան 20 դրամով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց 2022-ի սակագների վերանայման՝ «Վեոլիա ջուր» ընկերության հայտը։ Սպառողները ջրի մեկ խորանարդ մետրի համար հունվարի 1-ից 200 դրամ կվճարեն։

Քաղաքացիները տարակուսած են՝ իրենց եկամուտները չեն ավելանում, սոցիալական վիճակը չի բարելավվում, բայց թանկացումները շարունակվում են. «Առհասարակ երկրում թանկացումները, ոնց հասկացա, բոլոր ասպարեզներում եղավ, բայց դրան զուգահեռ մեկը պետք է համեմատության մեջ մտնի, գոնե միջին աշխատավարձը ցանկացած տեղը պետք է բարձրանա»:

«Թանկացում, թանկացում, միշտ թանկացում, մարդ մտնում, նեռվերը քայքայվում է, մանավանդ բանջարեղենի ու մրգերի բաժինը», - ասում է մեկ այլ քաղաքացի:

Քաղաքացիների մեծ մասը արդեն մոռացել էր վարչապետի նախընտրական խոստումը, հիշեցումից հետո որոշները շատ կտրուկ արձագանքեցին. «Եթե ինքը չի կարում անի, ինքը պետք է միանգամից հրաժարական տա»:

«Ոչ մի խոստում չեմ տեսնում իրականացված, կյանքը միայն վատանում է, գները բարձրանում են, աշխատավարձները չեն բարձրանում և այլն», - մեկ այլ տեսակետ է:

Կային նաև քաղաքացիներ, որոնք ըմբռնումով էին մոտենում այս որոշմանն ու արդեն հասցրել էին համակերպվել դրան. «Ոչ միայն մեզ մոտ են այդ թանկացումները, դրսից են գալիս... Ի՞նչ անենք, կվճարենք, աշխատում ենք, կվճարենք, եթե արդեն թանկացել, վերջացել է»:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը նկատում է՝ այս ոլորտում ամենակարևոր հարցը պաշտոնապես հայտարարված 80 տոկոս ջրային կորուստներն են․ որքան շատ են կորուստները, այնքան սակագինը բարձր է։ Ջրային ոլորտի մասնագետն ընդգծում է՝ ըստ պայմանագրի, ֆրանսիական «Վեոլիա ջրի» ներդրումների արդյունքում կորուստները պետք է նվազեին։

«Ես հարց եմ բարձրացնում` արդյոք 80 տոկոս ջրի կորուստն իրական թիվ է, ինչպե՞ս է նվազելու այդ ջրի կորուստը, ի՞նչ միջոցառումներ, ի՞նչ ծրագրեր, ի՞նչ ներդրումներ են իրականացվում ջրի կորուստը պակասեցնելուն, և ընդհանրապես ես` որպես մասնագետ, ճիշտ չեմ գտնում, և 80 տոկոս ջրի կորուստ հավաստի թիվ չէ: Մենք գիտենք` որքան շատ կորուստ է ցույց տրվում, այնքան դա ազդում է, իհարկե, սակագնի վրա դեպի մեծացում»:

Կորուստների, ներդրումների և մասնագետների բարձրացրած այլ հարցերի մասին «Ազատությունը» դեռ սեպտեմբերին էր հարցում ուղարկել «Վեոլիա ջրին։ Ընկերությունը, սակայն, մեր հարցերին մինչ օրս չի պատասխանել։ Ջրի սակագինը վերանայելու հնարավորություն պետության հետ կնքված պայմանագիրն է ընձեռում, իսկ վերջին՝ Հանրային ծառայությունների կարգավորմորման հանձաժողովի բավարարած հայտի հիմքում նշվել են էլեկտրաէներգիայի թանկացումն ու սղաճը։

Ջուրը չի թանկանա սոցիալապես անապահովների համար։
Հայաստանում նման կարգավիճակ ունի 83 հազար ընտանիք՝ բնակչության գրեթե 11 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG