Մատչելիության հղումներ

Քաղաքացիները դժգոհում են «Վեոլիա ջրի» աշխատանքից


Վերջին շրջանում ջրանջատումների բազմաթիվ դեպքեր են գրանցվել։ Մի դեպքում վթարի հետևանքով, մյուս դեպքում՝ գոնե բնակիչների համար, անհայտ պատճառներով։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ սպառողները ստիպված են տանը ջուր հավաքել։

«Վերջին շրջանում շատ հաճախ ու առանց նախազգուշացնելու կտրում են ջուրը։ Երբեմն ջրի ճնշումն է թուլանում, հետո է կտրվում, այդ ժամանակ հասցնում ենք ջուր հավաքել, բայց երբեմն անակնկալի ենք գալիս և հիմա ստիպված ենք միշտ տանը հավաքած ջուր ունենալ, որպեսզի կտրելու դեպքում գոնե առանց ջրի չմնանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի բնակիչ Նատալյա Մաշևան։

Ջրանջատումներից բացի, բնակիչները նաև ջրի որակից են դժգոհում։

Ջրանջատումներից դժգոհություններ նաև «Վեոլիա ջուր» ընկերության ֆեյսբուքյան էջում քիչ չեն՝ դժգոհություններից ու մեղադրական արտահայտություններից մինչև անմեղ հարցեր, թե երբ կլինի ջուրը այս կամ այն թաղամասում։

Ջրանջատումների աշխարհագրությունը մեծ է՝ Երևանի տարբեր վարչական շրջաններից մինչև հեռու ու մոտիկ մարզեր։

Մեզ հարցերի պատասխաններ ևս ստանալ չհաջողվեց. «Վեոլիա ջուր» ընկերությունից «Ազատության» գրավոր հարցերին թեև խոստացան, բայց դեռ չեն պատասխանել։

Որ հաղորդագրությունը սպառողին է հասնում ավելի ուշ, քան ջրանջատումն է լինում, այստեղ կա սպառողի շահերի ոտնահարում, այդ մասին ահազանգեր ստանում է նաև «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ասում է դրա նախագահ Կարեն Չիլինգարյանը։ Իրենք էլ այդ մասին պարբերաբար բարձրաձայնել են, և «Վեոլիա ջուրը» խոստացել է շտկել խնդիրը։

Ինչ վերաբերում է ամռանը տեղի ունեցող մասսայական ջրանջատումներին, ապա Կարեն Չիլինգարյանը այսպես մեկնաբանեց. - «Շատ սպառողներ անխնա են օգտագործում ջուրը ջրաչափից դուրս։ Շատ կա ջրագողություն։ Գիտենք, ամռան սեզոնում հիմնականում այգիները ջրում են խմելու ջրով։ Հասարակ օրինակ բերեմ. շենքերի բակերի ցայտաղբյուրների ջուրը հերիք չէ ամբողջ օրը գնում են, կողքից էլ մի հատ ծորակ է դրված, ռետինե խողովակը միացրած է գիշեր-ցերեկ...»

Հաճախ մոնիտորինգ է իրականացվում, ջրագողության դեպքերը բացահայտվում են, բայց ծավալները շատ մեծ են, դրան գումարած նաև ամռան սեզոնին ջրի պահանջարկի մեծացումն ու նաև հնացած ջրախողովակների հետևանքով ջրի կորուստները։

Արդյունքում ստեղծվում է այնպիսի պատկեր, ինչպիսին հիմա ունենք, ասում է Կարեն Չիլինգարյանը։ - «Մայր խողովակները, որոնք գետնի տակով գնում են, 60-70 տարվա ջրագծեր են, խողովակներ են։ Մոտ մեկ միլիարդ դոլարի ներդրում է պետք, որ քաղաքի հիմնական ջրագծերը փոխվեն։ Որովհետև հին խողովակներ են, ժանգոտել են, որոշ խողովակներ արդեն մի քանի անգամ կարկատան են եղել։ Քանի գնա, ավելի է վատանալու։ Պետք է պետությունը դրանով զբաղվի, որովհետև դա պետությանն է, «Վեոլիա ջուրը» ուղղակի վարձակալությամբ է տնօրինում և սպասարկում է իրականացնում»։

Հասարակ սպառողը, նրա խոսքով, նշված ոչ մի դեպքում էլ մեղք չունի, բայց միշտ տուժողի դերում է, պետք է հարմարվի։

Վերջին ջրանջատումները «Վեոլիա ջուրը» նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատանքով էր պայմանավորել՝ նշելով, որ էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում։

Այս մասով պարզաբանում ներկայացրեց Հայաստանի էլեկտրական ցանցերի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը. - «Գրանցված շեղումները տեխնիկական կանոնակարգերով նախատեսված, նորմատիվային թույլատրելի շեղումներ են, ուստի ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող։ Դա եղել է հունիսի 22-ին և 23-ին, որից հետո մեր և «Վեոլիա ջրի»իրենց մասնագետները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկում են ունեցել և բոլոր խնդիրները կարծես թե լուծվել են»։

Տևական ժամանակով զանգվածային ջրանջատումների վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր ստացել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Բացի այդ, կան նաև դժգոհություններ, որ մարդիկ չեն կարողանում կապ հաստատել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ։

Օմբուդսմենի դիտարկմամբ, անթույլատրելի է այն, որ ամռանն ու քովիդի առկայության պայմաններում մարդիկ զրկված են ջրից և անձնական հիգիենայի կանոնները պահպանելու հնարավորությունից։

Հաշվի առնելով, որ բողոքները զանգվածային բնույթի են, Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ, պարզաբանումներ են պահանջվել «Վեոլիա Ջուր» ընկերությունից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG