Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանը Հայաստանի հայցով հրատապ միջոցների մասին որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին


Նիդերլանդներ - Արդարադատության միջազգային դատարանի շենքը Հաագայում, արխիվ
Նիդերլանդներ - Արդարադատության միջազգային դատարանի շենքը Հաագայում, արխիվ

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով պահանջվող հրատապ միջոցների վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին։ Այդ մասին ասված է Հաագայի դատարանի հաղորդագրությունում։

ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանի հաղորդագրության համաձայն՝ որոշումը հրապարակային նիստում կկարդա Ջոան Դոնահյուն։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, նիստին ներկա կլինեն միայն դատարանի անդամները և կողմերի ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, լրագրողների և հանրության համար այն կհեռարձակվի առցանց։

Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ գործ է հարուցել Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ, համանման հայց Հաագայի դատարանում Հայաստանի դեմ ներկայացրել է Ադրբեջանը։

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին խնդրել է նաև մինչև բուն գործով վճիռ կայացնելը միջանկյալ միջոցներ կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու փակել Բաքվի «ռազմավարի պուրակը»։

Հայաստանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառում է պահանջել նաև Ադրբեջանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG