Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանը հոկտեմբերի 14-19-ը նիստեր է նշանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարությունների շրջանակներում


Նիդերլանդներ - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի շենքը Հաագայում, արխիվ
Նիդերլանդներ - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի շենքը Հաագայում, արխիվ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը նիստեր է նշանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարությունների շրջանակներում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ երկու երկրների հակընդդեմ հայցերով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Հաագայի դատարանի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, «հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերելու են Հայաստանի ներկայացրած՝ նախնական միջոցների կիրառման պահանջին»: Հոկտեմբերի 18-19-ը կայանալիք լսումները վերաբերելու են Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին:

«Համաճարակի կապակցությամբ հանդիպումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով», - նշել է դատարանը՝ մանրամասնելով․ - «Որոշ դատավորներ անձամբ կմասնակցեն նիստերին, իսկ մյուսները` տեսակապի միջոցով: Կողմերի ներկայացուցիչները նույնպես կարող են լսումներին մասնակցել անձամբ կամ տեսակապով»:

Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ -ի Միջազգային դատարանում դատական գործընթաց սկսեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիային համաձայն: Ադրբեջանին Հայաստանը մեղադրում է ռասայական խտրականության մեջ, որը շարունակվել է տասնամյակներ շարունակ և սրվել է 2020 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հակամարտության ընթացքում:

Ադրբեջանը սեպտեմբերի 24-ին հակընդդեմ հայց ներկայացրեց` պնդելով, թե Հայաստանն է իրականացրել և իրականացնում մի շարք խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:

Երկու կողմերն էլ պահանջել են վնասի փոխհատուցում և ժամանակավոր միջանկյալ միջոցների կիրառում, որոնք նախատեսված են վարույթի ընթացքում իրավիճակի սրումը կանխելու համար:

XS
SM
MD
LG