Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Հաագայում Երևանից պահանջեց հանձնել ականապատման քարտեզները. հայկական կողմը հիշեցրեց պատրաստակամության մասին


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների միջազգային դատարանում այսօր Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցով նախնական լսումներն էին: Այս փուլից առաջ` անցյալ շաբաթ, Հաագայի դատարանը լսել էր Հայաստանի ներկայացուցիչների միջնորդությունն ընդդեմ Ադրբեջանի։

Ադրբեջանն այսօր պահանջեց հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պարտավորեցնելով Բաքվին տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս եկած տարածքների ականապատման քարտեզները։

«Հայաստանը այսպիսով կանխում է այդ տարածքների բնակիչների վերադարձը ականապատման միջոցով. Հայաստանը ոչ միայն ականապատել է ադրբեջանական նախկին բնակավայրերը, այլև մինչ օրս հրաժարվում է տրամադրել ամբողջական ու ճշգրիտ ականապատման քարտեզներ, որոնք հարկավոր են այդ տարածքները մաքրելու համար։ Ավելին` ծրագրում են նոր ականապատումներ իրականացնել», - ասաց Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը։

Նոյեմբերի 9-ից հետո ականների պայթյուններից Ադրբեջանում 65 քաղաքացիական անձ է զոհվել և վիրավորվել, հայտնեց նա։ Տարածքների ականապատման պատճառով գրեթե 30 տարի իրենց բնակավայրերից հեռացած մարդիկ հիմա էլ չեն կարողանում այնտեղ վերադառնալ։ Ըստ Ադրբեջանի փաստաբանների՝ «Հայաստանը վարել է էթնիկ զտման քաղաքականություն, 90-ականներին ստիպել է 100 հազարավոր մարդկանց հեռանալ իրենց տներից», դրանից հետո ականապատել է տարածքները՝ ևս մի խոչընդոտ ստեղծելով վերադարձի համար։

«Ինչպես և նախատեսված է, ականները պայթում ու սպանում են մարդկանց, որոնք ոտքը դնում են դրանց վրա։ Ցանկացած մարդ իր սովորական առօրյայով ապրելիս կարող է պատահաբար կանգնել դրանց վրա, ընդ որում ծանր ոտք էլ հարկավոր չէ, երեխաները ևս կարող են պայթել։ Ադրբեջանի միակ ցանկությունն այդ ականները հեռացնելն է՝ արագ և ապահով, մինչև դրանք կսպանեն նոր մարդկանց։

Հայաստանը գիտի՝ որտեղ են տեղակայված ականները, տիրապետում է դրանց մասին տեղեկությունների», - ասաց նա, ապա հավելեց. «Այս տարվա հունիսին Հայաստանը տրամադրել է Ադրբեջանին 189 հազար ականների քարտեզներ, և Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ դրանք եղածի միայն մի փոքր մասն են, և անգամ դրանց մեծ մասը ճշգրիտ չէր։ Ադրբեջանը շարունակ խնդրել է տրամադրել ականների տեղակայման վայրերի մասին մանրամասն ու ճշգրիտ տեղեկություն»։

Ադրբեջանի ներկայացուցիչները, 1 մեկ ժամ փորձելով հիմնավորել, թե Հայաստանի կողմից ականապատումը ոչ միայն սահմանի ամրացման միջոցառում է եղել, այլև ադրբեջանական նախկին բնակավայրերը հնարավորինս անմատչելի դարձնելու գործողություն, պնդեցին, որ Երևանը պետք է անհապաղ Բաքվին հանձնի քարտեզները։

Հաջորդ հարցը վերաբերում էր Հայաստանում գործող «Ոմա» կազմակերպությանը, որը հայտնի է որպես քաղաքացիական անձանց շրջանում մարտական վարժանքներ իրականացնող խումբ։ Ըստ Ադրբեջանի փաստաբանների՝ «Ոմա»-ն «զինված, վտանգավոր, ազգայնական խումբ է», որի գործունեությունը որևէ կերպով չի սահմանափակվում Հայաստանի իշխանությունների կողմից։

«Ոչ պատժամիջոցներով կիրառելով, ոչ սահմանափակելով նման խմբերի գործունեությունը և ողջունելով Ադրբեջանը թիրախավորող ռասայական գաղափարախոսությունը՝ Հայաստանը ավելի քան խախտում է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի մի քանի կետեր», - նշեցին նրանք։

Ադրբեջանի ներկայացուցիչները խոսեցին նաև պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորների նկատմամբ «դաժան վերաբերմունքի» մասին՝ նշելով, որ սոցցանցերում կան տարածված նման տեսանյութեր, «որոնք հրահրում են ատելություն ազգային հողի վրա ադրբեջանցիների նկատմամբ»: Դրանցից մեկում, ըստ փաստաբանների, «կտրում են ադրբեջանցի սահմանապահի կոկորդը»։

Ադրբեջանական կողմին պատասխանեց հայկականը

Հայաստանի ներկայացուցիչներն սկսեցին էթնիկ ատելության հողի վրա տեղի ունեցած ականապատման մասին մեղադրանքներից։

Ադրբեջանը փորձում է խտրականություն փնտրել մի տեղ, որտեղ այն չկա, հայտարարեց Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ վստահեցնելով, որ Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում այն մասին, թե ովքեր ու ինչ նպատակով են տեղադրել ականնները Արցախի սահմաններին։

«Հազարավոր ականներ տեղադրել է հենց Ադրբեջանը 90-ականների սկզբում, այդ ականները հակամարտության գոտում ազդել են բոլորի վրա, ցավոք, մենք բոլորս տուժել ենք ականների պատճառով։ Իմ երկիրը ցավում է ամեն կորսված կյանքի համար՝ անկախ մարդու էթնիկ պատկանելիությունից։

Տասնամյակներ շարունակ իմ երկիրը փորձել է ամբողջական ականազերծում իրականացնել, սակայն Ադրբեջանը հետևողականորեն արգելել է հումանիտար առաքելությունները, քանի որ հայկական ծագում ունեցող անձինք էին հիմնականում շահառուները։ Եվ միայն հիմա, երբ այդ մարդիկ տեղահանվել են, Ադրբեջանը հանկարծ բացահայտել է ականազերծման արժեքը», - նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Հայաստանի վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ՝ նաև ականներին վերաբերող հարցերը քննարկելու համար, հիշեցրեց Կիրակոսյանը` շարունակելով. «Հայաստանը արդեն երկու տարբեր առիթներով ականապատման դաշտերի քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին։ Հրատապ հումանիտար հարցերը լուծելու կոնտեքստում մենք պատրաստ ենք տրամադրել մեր տրամադրության տակ գտնվող այլ քարտեզներ։ Եվ Հայաստանը այս առաջարկն արել է չնայած այն փաստին, որ որևէ իրավական պարտավորություն չունի նման քարտեզներ տրամադրելու»։

Ականապատում իրականացվում է գրեթե բոլոր ռազմական կոնֆլիկտների ընթացքում աշխարհի ցանկացած կետում, շեշտեց Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ վստահեցնելով, որ դրա նպատակը ըստ հանրագիտարանների, պաշտպանությունն է և ոչ թե ռասայական խտրականությանը։ Շոն Մերֆի խոսքով՝ հայկական կողմն ականազերծման աշխատանքներում ներգրաված է եղել բրիտանական Halo trust կազմակերպությանը, որը ականազերծում չի իրականացրել միայն սահմաններին, քանի որ դրանք համարվել են ռազմական գոտի։

Ըստ Հայաստանի ներկայացուցչի` սա ապացուցում է, որ հայկական կողմը ժամանակին նպատակ չի ունեցել ականապատելու՝ ենթադրելով, որ տարածքներ միգուցե մի օր կարող են վերադառնալ ադրբեջանցիներ: Ականները, ինչպես փաստում է անգամ Ադրբեջանի ներկայացրած քարտեզը, տեղադրվել են շփման գոտու երկայնքով, նկատեց նա:

«Ականազերծման վերաբերյալ այս միջնորդությունը ակնհայտորեն հիմնված է բոլոր ադրբեջանցիների, ոչ թե կոնկրետ էթնիկ ծագման մարդկանց դեմ ենթադրյալ վնասակար հետևանքները կանխելու համար։ Պրոֆեսոր Լոն, այս առավոտյան անձամբ անդրադառնալով ականապատ դաշտերի վնասակար հետևանքներին, ասաց` Ադրբեջանի ժողովուրդը, նա չասաց՝ ադրբեջանական էթնիկ ծագում ունեցող մարդիկ։ Ինչպես նշված է Ադրբեջանի հայցի մեջ, Ադրբեջանը բազմազգ երկիր է, որը ներառում է նշանակալի թվով հայերի, երկիր, որը կազմված է հիսունից ավելի էթնիկ խմբերից, հետևաբար Ադրբեջանում ականազերծումը անհրաժեշտություն է Ադրբեջանի բոլոր քաղաքացիների համար և ոչ թե միայն մի էթնիկ ադբեջանցիների համար»։

Հայաստանի ներկայացուցիչները պատասխանեցին նաև Ադրբեջանի պնդումներին, թե հայկական կողմն ատելության խոսք է տարածում էթնիկ ադրբեջանցիների հասցեին` հավաստիացնելով, որ դրա կարիքը Հայաստանը չունի:

Անցյալ շաբաթ էլ Հայաստանն էր նույն դատարանին դիմել` հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ՝ պահանջելով ազատ արձակել գերիներին, քաղաքացիական անձանց, փակել Բաքվի կենտրոնում բացված «Ռազմավարի պուրակը», որտեղ ներկայացված են 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինուժից գրաված զինտեխնիկան, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG