Մատչելիության հղումներ

Գերիների վերադարձ, «միջանցքի» թեզի հերքում, սահմանին կայունության քայլեր․ Երևանը Սոչիի փաստաթղթի 3 կարևոր արձանագրում է շեշտում


Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ․
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ․

Պաշտոնական Երևանը Սոչիի հայտարարության երեք կարևոր արձանագրում է շեշտում․

Առաջինը՝ Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ, հայտարարում է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը՝ հավելելով, թե սա «վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին»։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով նախատեսված պարտավորությունները՝ «ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում» Ադրբեջանը փաստացի չի կատարել։ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն 114 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Այս տարվա նոյեմբերի 16-ին բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմը հաղորդեց 6 զոհի մասին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը 13 հայ զինվորների է գերեվարել, 24 զինծառայողների ճակատագիրն էլ անհայտ է։ Նոյեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ 24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով գերեվարվել են: «Ունենք 24 գումարած 8 գերեվարված, բայց էլի այս տվյալները վերջնական ճշգրտման կարիք ունեն», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։ Բախումներից 10 օր անց Բաքուն հայկական կողմին փոխանցեց երկու քաղաքացու։

Հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը, այսօր նաև հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակն՝ ընդգծելով՝ վերահաստատվում է 2021-ի հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը։

«Եվ երրորդ՝ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը», - նշել է Հունանյանը՝ համոզմունք հայտնելով, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։

Պաշտոնական Երևանի բազմաթիվ հայտարարություններին, որ «միջանցքային տրամաբանությունը»՝ չի քննարկվել, չի քննարկվում և որ 44-օրյա պատերազմում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին է, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները հերթական անգամ միջազգային հարթակում խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին։ «Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը», - Սոչիի հանդիպումից հետո, Աշգաբատի գագաթնաժողովում, հայտարարել է Իլհամ Ալիևը։

Նոյեմբերի 26-ի եռակողմ բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հայտարարություն ստորագրեցին, որում, մասնավորապես, վերահաստատեցին «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG