ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և ուշադրություն է հրավիրում նրանց եռակողմ հայտարարության վրա, երեկ հայտնել է Անտոնիու Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ «Նա գոհունակությամբ նշում է Ռուսաստանի դերը շփումների և երկխոսության շարունակմանն աջակցելու հարցում», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հավելել է Հաքը։
Նրա փոխանցմամբ՝ Գետերեշը «ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի փոխգործողության վերականգնմամբ և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրականացմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը նրանց հանձնառության վերահաստատմամբ»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «վերահաստատում է ՄԱԿ-ի դիրքորոշումը, համաձայն որի՝ ամուր խաղաղության կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով, և կոչ է անում կողմերին լուծել մնացյալ հարցերը բոլոր մատչելի ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»։ ՄԱԿ-ը պատրաստ է սատարել այդպիսի ջանքերը, այդ թվում՝ մարդասիրական օգնության ցուցաբերման, տեղում վերականգնողական աշխատանքներին և խաղաղաշինությանն աջակցության միջոցով։
Ուրբաթ օրը Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հայտարարություն են ստորագրել, որում, մասնավորապես, վերահաստատում են «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման»:
Կողմերը նաև պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը մղել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ»: