«Սոչիի հանդիպման արդյունքում ընդունված եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում է Բաքվի տեսակետները», - ուրբաթ երեկոյան տարածած հայտարարության մեջ նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
«Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի ամփոփիչ հայտարարության տեքստում ամբողջությամբ արտացոլվել են այն մոտեցումները, որոնք արտահայտում են Ադրբեջանի դիրքորոշումը», - նշում է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ ընդգծելով հատկապես հաղորդակցության ուղիների շուտափույթ բացմանը վերաբերող դրույթը։
«Հատուկ ուշադրության է արժանի եռակողմ հայտարարության այն դրույթը, որով ընդգծված է տարածաշրջանի տնտեսական ներուժի բացհայտմանն ուղղված, այդ թվում` երկաթուղիների և ավտոճանապարհների բացման նպատակով իրականացվող ծրագրերի շուտափույթ կատարման անհրաժեշտությունը», - նշված է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։
«Հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանը կոչ է արել հասնել եռակողմ հայտարարությունների լիակատար իրականացմանը, տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների վերաբացմանն ու երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի [մեկնարկին]՝ հանդես գալով միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված հարաբերությունների կարգավորման օգտին», - նշում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ եզրափակելով. «Ադրբեջանական կողմը շարունակելու է համապատասխան քայլեր ձեռնարկել նոյեմբերի 26-ի հայտարարության դրույթների կյանքի կոչման նպատակով»։