Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների մասին


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տրամադրել պաշտոնական Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ից Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների վերաբերյալ։

Գերեվարված զինվորներից մեկին Ադրբեջանը օրերս էր վերադարձրել։ Հայկական կողմի տվյալներով, որ արյունալի մարտերից հետո ևս 31 զինծառայող ադրբեջանական գերության մեջ է։

Ստրասբուրգ դիմումներ ուղարկել էին ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը։ Նրանք միջազգային դատարանին խնդրել էին հրատապ միջոցներ կիրառել, որպեսզի Բաքուն տեղեկություն տրամադրի այս նոր գերիների մասին, ինչպես նաև ապահովի նրանց կյանքի իրավունքը:

Գերեվարված զինծառայողները հիմնականում Վանաձորի «Դուց» ու Ջերմուկի զորամասերից են։ Վերջին անգամ նոյեմբերի 15-ին պայմանագրային զինծառայող ամուսնու հետ հեռախոսով զրուցած կինն ասաց՝ ընտանիքը մեծ հույս է կապում Եվրոպական դատարանի հետ։ Կինը ամուսնուն նոյեմբերի 16-ի մարտերից հետո արդեն արդեն ադրբեջանցիների տարածած տեսանյութերում էր տեսել։ Պատմեց՝ ինչ դուռ ասես չեն ծեծել, այդ թվում և հասել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտե, բայց դեռևս ոչ մի նորություն չունեն։ Կարմիր Խաչից ավելի վաղ բացատրել էին՝ գերիներին կկարողանան այցելել միայն այն դեպքում, երբ Բաքուն հաստատի, որ նրանք իր տարածքում են։

«Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, մենակ ուզում եմ շուտ տուն բերեն իրանց, ուրիշ ոչ մի բան», - ասաց գերեվարվածի կինը:

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, նախկին փորձը աչքի առաջ ունենալով, չի բացառում, որ Ադրբեջանը կամ չարձագանքի Եվրադատարանին, կամ էլ երկար ժամանակ խնդրի տեղեկություններ ներկայացնելու համար։

«Դատարանն այս պահին տեղեկատվություն է պահանջել անձանց վերաբերյալ՝ ինչ վիճակում են պահվում, առողջական վիճակ և այլն: Այդ տեղեկատվությունը ստանալուց հետո դատարանը կորոշի ինչպիսի միջոցներ կիրառել, Ադրբեջանին ինչպիսի ցուցումներ տալ», - ասաց Դրմեյանը:

Օրերս իր առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղում հաշվել ու հայտարարել էր, թե չճշտված տեղեկություններով նոյեմբերի 16-ի մարտերից հետո 32 զինծառայող է գերի ընկել։ Քանի որ նրանցից մեկն արդեն վերադարձվել է: Ստրասբուրգի դատարանն այժմ կզբաղվի 31-ի իրավունքներով, ասում է Լիպարիտ Դրմեյանը։ Ըստ պաշտոնյայի, այս թիվը ստացվել է տարբեր աղբյուրներ համադրելով։

«Ի վերջո պետք է հասկանալ, որ հստակ տեղեկատվություն այս պահին կոնկրետ անձի գտնվելու վերաբերյալ կարող է ստացվել միայն այն կողմից, ում տիրապետության տակ անձը գտնվում է, դրա համար է նաև նախաձեռնվում Եվրոպական դատարան դիմելու այս գործընթացը: Այսինքն՝ քանի դեռ պատասխան մենք չենք ստացել մյուս կողմից փաստացի իր տիրապետության տակ գտնվող անձանց թվի, վիճակի վերաբերյալ, մեր դատողությունները բացառապես այն տեղեկատվության շրջանակում են լինելու, որը մենք ունենք», - ընդգծեց Դրմեյանը:

Եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի խոսքով, դատարանի այս միջնորդությունը թույլ է տալիս ռազմագերներին պաշտպանել ոտնձգություններից, Եվրադատարանի հետաքրքրությունը որոշակի զսպող մեխանիզմ է։

Զինծառայողներից չորսի մասին ՄԻԵԴ դիմումներ ուղարկած իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն, իր հերթին, ներկայացնում է այն հարցերը, որոնց պատասխանները ակնկալում են ստանալ պաշտոնական Բաքվից. - «Արդյոք գերի վերցրե՞լ է այս անձանց, թե՞ ոչ, ինչպիսի՞ պայմաններում են պահվում նրանք, արդյոք ենթարկվե՞լ են բժշկական հետազոտության և սպասարկման: Հարցերի պատասխանները պետք է փաստաթղթավորված ներկայացվի Եվրոպական դատարան, և արդյոք պատրաստվո՞ւմ են վերադարձնել գերիներին հայկական կողմին»:

Իրավապաշտպանը շեշում է՝ Եվրոպական դատարան ներկայացրած իրենց դիմումներում խնդրել են, որ դատարանն ապահովի զինվորների կյանքի իրավունքը՝ պարտադրելով Ադրբեջանին կատարել այնպիսի գործողություններ, որոնք անդառնալի կորուստներ թույլ չեն տա։

«Կյանքի իրավունքն ապահովելու և պաշտպանելու բովանդակության բաղկացուցիչ մաս է կազմում նաև վերադարձնելը, ազատելն ադրբեջանական իրավազորությունից: Այդ անձանց կյանքին վտանգ է սպառնում միայն նրանց հայ լինելու հատկանիշով, Հայաստանի քաղաքացի հանդիսանալու հատկանիշով պայմանավորված: Մենք նաև սրանք ենք հիմնավորել, ապացուցել, պատճառաբանել, որ Ադրբեջանի իշխանության իրավազորության ներքո գտնվելը մարդու կյանքին, եթե նա ազգությամբ հայ է, վտանգ է սպառնում», - ասաց Զեյնալյանը:

Ադրբեջանը մինչև վերջին մարտերը հաստատում էր, որ իր տարածքում 40 գերի կա, նրանցից երեքը խաղաղ բնակիչներ են։ Հայկական կողմն, իր հերթին, հայտարարում է՝ շուրջ 100 ռազմագերու մասին ողջամիտ եզրահանգումներ ունի, որ նրանք գտնվել են Ադրբեջանի իրավասության ներքո։ Պատերազմից հետո մինչ օրս Հայաստան է վերադարձել 114 գերի։

XS
SM
MD
LG