Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, «Ազատությանը» փոխանցեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Տվյալ հոդվածով նախատեսված հանցանքը պատժվում է 5-ից մինչև 10 տարվա ազատազրկմամբ:

Հակակոռուպցիոն կոմիտեից այսօր «Ազատությանը» հայտնել էին, որ վառելանյութի գործով արդեն 2 տարի մեղադրյալի կարգավիճակ ունեցող Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ևս մեկ՝ կաշառքի գործով և հրավիրվել է հարցաքննության:

Սա գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա դեռ երեք տարի առաջ հարուցված քրեական գործն է, որով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, ինչպես նաև Քոչարյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը:

Անցած ամիս էլ քրեական գործ էր հարուցվել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն կատարած թռիչքների գործով։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով քրեական գործով Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի։

XS
SM
MD
LG