Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կոմիտեն որոշել է որպես մեղադրյալ ներգրավել Սերժ Սարգսյանին


Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է, որ որոշում են կայացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրյալ ներգրավելու մասին և այսօր կանչել են հարցաքննության։

Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ հանցանքների մեջ է մեղադրվում երրորդ նախագահը, կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը չի մանրամասնում։

Այսօր ֆեյսբուքի իր էջում նոր քրեական գործի մասին է գրել Սարգսյանի փաստաբանը։ Ամրամ Մակինյանը մանրամասնել է, որ ծանուցում են ստացել հակակոռուպցիոն կոմիտեից որպես մեղադրյալ հարցաքննության կանչվելու մասին։

Երրորդ նախագահի պաշտպանը նաև գրել է ոմն Սիլվայի ցուցմունքի մասին։ «Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել», - գրել է փաստաբան Մակինյանը Ֆեսյբուքի իր էջում։

Խոսքն, ըստ էության, գործարար Սիլվա Համբարձումյանի մասին է։ Երրորդ նախագահն արդեն երկու տարի է մեղադրյալ է վառելանյութի գործով, նա մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։ Արդեն մեկ տարի է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատավարություն է ընթանում։

Անցած ամիս էլ քրեական գործ էր հարուցվել մեկ այլ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն կատարած թռիչքների գործով։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով քրեական գործով Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի։

«Փաստերի ստուգման հարթակի» հետաքննությունն էր դրվել այս քրեական գործի հիմքում, ըստ որի, նախագահական ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է տասնյակից ավելի չվերթներ դեպի գերմանական թանկարժեք կուրորտային Բադեն-Բադեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG