Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն կատարած թռիչքներին առնչվող քրգործ է հարուցվել. փաստաբանն այն հիմնազուրկ է որակում


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն կատարված չվերթների առնչությամբ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքով քրեական գործ է հարուցել։

Բադեն-Բադենի թռիչքների մասին հաղորդումը դատախազությանը ներկայացրել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։ Դատախազությունն էլ այն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն ուսումնասիրելու համար։ Հաղորդման հիմքում «Փաստերի ստուգման հարթակի» հետաքննությունն է, ըստ որի նախագահական ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է տասնյակից ավելի չվերթներ դեպի գերմանական թանկարժեք կուրորտային Բադեն-Բադեն։

«Սա, ըստ էության, վնաս է հասցրել պետությանը, որովհետև այս թռիչքները բավականին թանկ են` մեկուկես տասնյակ անգամ Բադեն-Բադեն գնալը, մեր գնահատմամբ, հանդիսանում էր պաշտոնեական դիրքի չարաշահում», - «Ազատությանն» ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

ՀՔԾ-ից այսօր հայտնեցին, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել, որ այդ 2008-2017 թվականներին դեպի Բադեն-Բադեն, իրականացված չվերթները մի մասի դեպքում դրանք կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի: Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ այս պահին կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա, այլ մանրամասներ չեն հաղորդում։

Հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը, նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով։

Ինձ հանդիպած ամենաանհիմն քրգործն է. փաստաբան

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը պնդում է` հարուցված քրեական գործը հիմնազուրկ է։

«Հանրապետության նախագահին օրենքով տրված են համապատասխան սոցիալական երաշխիքներ, եթե քրեական գործ է հարուցվել, առավել հիմնազուրկ քրեական գործի հարուցում, քան Ձեր կողմից մատնանշածն է, մինչ այսօր ես չեմ հանդիպել։ Այս քրեական գործը ինձ հանդիպած ամենաանհիմն և հիմնազուրկ քրեական գործն է, այս պահին այսքանը», - հայտարարեց նա։

Փաստաբանն առայժմ չցանկացավ մանրամասնել, թե մասնավորապես ինչու է հիմնազուրկ համարում գործը, ոչ էլ այլ հարցերի պատասխանեց։ Ավելի ուշ Ֆեյսբուքում գրառում կատարեց. «Հաշվի առնելով այս չգործի քննության սկզբնական փուլը` պաշտպանական մարտավարությունից ելնելով, ներկայումս ձեռնպահ եմ մնում առավել մանրամասն մեկնաբանություններից, այս գործի հարուցման հիմքերի սին լինելը կներկայացնեմ հետագայում»։

Ավելի վաղ Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էր խորհրդարանում խոսել Սերժ Սարգսյանի մասին` ասելով. «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում»։

Այս ելույթից հետո երրորդ նախագահը դատական հայց ներկայացրեց իշխանական պատգամավորի դեմ՝ պահանջելով հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։

Հետո հրապարակվեց «Փաստերի ստուգման հարթակի» հետաքննությունը։ Պաշտոնաթող նախագահի փաստաբանը հերքեց միայն Սարգսյանի՝ 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Բեռլին կատարած պաշտոնական այցից առաջ Բադեն-Բադեն մեկնելու մասին պնդումը` այն որակելով որպես բացարձակ ապատեղեկատվություն, մյուս ուղևորություններին չանդրադարձավ։ Պարզ չէ արդյոք, թե երրորդ նախագահը հայց կներկայացնի նաև «Փաստերի ստուգման հարթակի» դեմ, թե ոչ։

Հայաստանի 67-ամյա նախկին նախագահը այս պահին մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը։ Այս գործով դատավարությունը սկսվել է մոտ երկու տարի առաջ, դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG