Սերժ Սարգսյանը հայց է ներկայացրել ընդդեմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։ Երրորդ նախագահը Սուքիասյանից պահանջում է հերքել իր պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը գրեթե տասն օր առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, թե Սարգսյանը միլիոնավոր գումարներ է տանուլ տվել խաղատներում։ Պաշտոնաթող նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը պնդում է՝ իշխող ուժի պատգամավորն իր հայտարարությունը հաստատող որևէ փաստ չի կարող ներկայացնել։
«Մենք համոզված ենք, որ դատարանը մեր հայցը բավարարելու է, որովհետև չեն կարող լինել այնպիսի փաստեր, որոնք կապացուցեն Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած արտահայտությունը, չեն կարող, որովհետև այդպիսի իրողություն գոյություն ունենալ մեր օբյեկտիվ իրականության մեջ չի կարող», - նշում է Մակինյանը:
Իշխանական պատգամավորն իր հայտարարությունից հետո էլ արդեն հաջորդ օրը լրագրողների հետ ճեպազրույցում էր վերահաստատել ասածը, պնդել, թե իր խոսքերը հիմնավոր են։ Սուքիասյանի խոսքով՝ ինքը դեռ ավելի քիչ գումար է նշել, որպեսզի ավելի ապացուցելի լինի իր ասածը. «Հիմնավորում եմ, իրա տեսքը ձեզ բավական է, միայն եկած ժամանակ ու հետո, ու մնացած իրա ունեցվածքը: ՀՀ-ն ոչ մեկի սեփականությունը չի, մի հատ էլ իրեն կհարցնեք` «Որոտանն» ով է ձեռք բերել: Մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն», - օրեր առաջ ասել էր պատգամավորը:
Սերժ Սարգսյանի Խաչատուր Սուքիասյանից պահանջում է նաև 1 միլիոն դրամ վճարել իրեն։ Այդ գումարն, ըստ Ամրամ Մակինյանի, երրորդ նախագահն ուղղելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը հայտնեց, որ պատգամավորի փաստաբանները հայցադիմումին դեռ չեն ծանոթացել, դա ուսումնասիրելուց հետո անհրաժեշտության դեպքում կարձագանքեն։
Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանը դեռ նախընտրական քարոզչության ընթացքում է հերքել արտասահմանյան խաղատներում միլիոնավոր դոլարներ տանուլ տալու վերաբերյալ տեղեկությունները։ Դրանք կեղծ էր որակել.
«Երբ պարոն նախագահը 24 ժամ տվեց Նիկոլ Փաշինյանին այս նույն արտահայտության հետ կապված, որ կա՛մ փաստեր ներկայացրու, կա՛մ գիտեք` դրանից հետո ինչ եղավ` հայտնի ձայնագրության մասին է խոսքը: Այնպես որ, այս գործելաոճը ընդհանրապես որդեգրած է շատ վաղուց», - հայտարարում է Սերժ Սարգսյանի փաստաբանը:
Երրորդ նախագահն Փաշինյանին 24 ժամ էր տվել՝ փաստեր ներկայացնելելու համար, հակառակ դեպքում սպառնացել՝ ինքն է փաստեր հրապարակելու Փաշինյանի ու նրա ընտանիքի վերաբերյալ։
«Թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց, մորթելու եմ», - ամիսներ առաջ պահանջել էր ՀՀ նախկին ղեկավարը:
Արդեն հաջորդ օրը Սարգսյանը հրապարակեց 3 րոպեանոց ձայնագրություն, որում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ ունեցած զրույցից։ Ձայնագրությունը հրապարակելուց հետո Սարգսյանը մեղադրեց Փաշինյանին բանակցությունները փակուղի տանելու և նախկին բանակցային փաստաթղթերը զրոյացնելու համար։