ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը մի կողմից` կարծում է, որ միշտ էլ հանդիպումը գերադասելի է կրակոցներից, սակայն մյուս կողմից` Փաշինյան-Ալիև հանդիպումից նա {հնարավոր վտանգներ} է սպասում:
Անցած շաբաթավերջին հայտարարվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հեռախոսազրույցներ են ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ և համաձայնել դեմ առ դեմ հանդիպում անցկացնել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում։
Հայ յեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
Փաշինյան-Ալիև սպասվելիք հանդիպման մասին
«Միշտ էլ հանդիպումը գերադասելի է կրակոցներից, պատերազմից, սակայն այս դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ, մի կողմից, թուրք-ադրբեջանական տանդեմը հարձակում է կազմակերպում, ագրեսիվ պատերազմ է հրահրում, գերեվարում է մեր քաղաքացիներին, մյուս կողմից փորձում է ստեղծել իբր երկխոսության միջավայր», - անդրադառնալով Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանը` ասաց Արծվիկ Մինասյանը:
«Երկրորդ խնդիրն այն է, որ ի դեմս Հայաստանի` գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ միայն բացահայտ և առնվազն գոնե ընկալելի ձևով չի հաղորդակցվում իր քաղաքացիների, պատասխանատու անձանց հետ, համահայկական կարևոր նշանակության, մեր անվտանգության կարևոր նշանակության հարցերի մասին չի խորհրդակցում, այլև ինքնուրույն կամ ինչ-որ մեկի թելադրանքով մեկուսի քաղաքականություն է վարում։ Այս տեսակետից հանդիպումը կարող է նույնիսկ որոշակի վտանգներ իր մեջ պարունակել», - շարունակեց նա՝ հնարավոր վտանգների թվում նշելով․ - «Սկսած նրանից, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հրապարակեց մի շարք իսկապես վտանգավոր և մեր պետականությանն ու ժողովրդին սպառնացող մոտեցումներ, ավարտած նրանով, որ ինչպես անցյալ տարի էր ասում՝ բանավոր ըմբռնման հիման վրա կարող է նոր կորուստների և նոր զիջումների ականատես լինենք»։
«Սա է վտանգը, և և այդ վտանգը հիպոթետիկ կամ հեքիաթային չէ, մենք ականատես եղել ենք այդ ամենին, երբ որ ինքը խոսում էր նոյեմբերի 9-ին պարտադրված, ստիպված այդ փաստաթղթի, հայտարարության ստորագրման մասին ու երկրորդ պահից հանձնում էր բոլոր տարածքները և պատճառաբանում էր, որ «եթե ես դիմադրեմ, ապա պատերազմ կլինի»։ Իսկ ի՞նչ է, դրանից հետո, երբ որ հանձնեց բոլոր տարածքները, ընդհուպ՝ Սյունիք, Գեղարքունիք կամ նույն Արարատի մարզի հատվածներում, պատերազմ չեղա՞վ, զոհեր չեղա՞ն», - նկատեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով․ - «Սա վկայություն է այն մասին, որ այս մարդն այլևս իր առկայությամբ, իր ներկայությամբ ինքն է սպառնալիք դարձել մեր պետության համար»:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզում արդեն երկու ադրբեջանական անցակետերի առկայությանը, ընդդիմադիր գործիչը շեշտեց. «Գորիս-Կապան ճանապարհի երկու կարևորագույն հատվածները հիշենք․ քանի դու չունես երաշխավորված անվտանգություն, ի՞նչ տրամաբանությամբ է քո հրահանգը գնում, որ դու նահանջես այդ դիրքերից, տրամաբանությունն ու բացատրությունը ո՞րն է: Քաշաթաղի ու այն բնակավայրերը, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական ԶՈւ-ի տիրապետման ներքո, ի՞նչ տրամաբանությամբ էր, որ հայկական Զինված ուժերը պետք է դուրս գային այդտեղից առանց որևէ երաշխիքի, որ քաղաքացիների կամ զինվորականների նկատմամբ, օրինակ, բռնություններ չեն գործադրվի»:
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում արձանագրված էր, որ զորքերը երկու կողմերի պետք է կանգնեն այնտեղ, որտեղ այդ պահին կան։ Դրանից հետո ինչ տեղի ունեցավ՝ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ բանավոր ըմբռնման համաձայն՝ Սյունիքի հատվածում իրենք պետք է գային մինչև մեր սահմանային կետերը։ Որո՞նք են այդ սահմանային կետերը՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հիշեց ինչ-որ 2010 թվականի օրենք, դրանից հետո հիմնավորեց, թե իբր խորհրդային ժամանակահատվածում Հայաստանի և Ադրբեջանի վարչական սահմանները այդտեղով են անցել, և այլն։ Հիմա՝ հարց․ եթե մենք՝ Հայաստանը և Ադրբեջանը, չեն ունեցել միջպետական սահմանների վերաբերյալ համաձայնագիր, մեր շփման գիծը այդ պահի՝ նոյեմբերի 9-ի դրությամբ համարվում է մեր դե ֆակտո սահմանը՝ Սյունիքի շրջանակների մասին է խոսքը։ Դրանից ներս՝ դեպի Հայաստանի Հանրապետություն ցանկացած նահանջ համարում ենք, որ դա Հայաստանի տարածքի զիջում է թուրք-ադրբեջանական ճնշման ներքո, ադրբեջանական պահանջին համահունչ», - հայտարարեց դաշնակցական պատգամավորը։
«Պարտված անձը շարունակում է նոր զիջումներ անել»
«Իրականությունը նա է, որ անգամ նոյեմբերի 9-ից մեկ տարի հետո Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցրել իր ագրեսիվ վարքագիծը, նաև հարձակումները ՀՀ բուն տարածքի նկատմամբ, այլև մենք անընդհատ արձանագրում ենք զոհեր, կորուստներ, գերիներ», - հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Ըստ նրա` այս ամենը վկայություն են նրա, որ «գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պարտված անձը, շարունակելով մնալ իշխանության, շարունակում է անընդհատ նոր զիջումներ անել»:
Կառավարության հետ հարցուպատասխանը վերածվում է շոուի. Մինասյան
Օգտատերերը հետաքրքրվել էին` ինչո՞ւ չեն այս հարցերը ուղղում կառավարությանը` վարչապետի գլխավորությամբ, երբ հնարավորություն կա ԱԺ արտահերթ կամ հանձնաժողովների նիստերի:
«Արտահերթ նիստերից ու հանձնաժողովի նիստերի ժամանակ մեր պահանջն է, որ իսկապես քննարկում տեղի ունենա, այն, ինչ կառավարության հետ հարցուպատասխանն է, վերածվում է շոուի, մենք շոուի ցանկություն չունենք», - արձագանքեց Արծվիկ Մինասյանը:
«Իրենք մեղքն ամեն գնով բարդում են ընդդիմության վրա, երբ հայրենիքի պաշտպանության ու բոլոր մյուս լծակներն իրենց ձեռքում են, համոզել են քաղաքացիներին, որ ընդդիմությունը մեղավոր է, թե ընդդիմությունն ինչո՞ւմ է մեղավոր, ի՞նչ լծակ ունի, որ չի գործադրում ու մեղավոր է դառնում», - հավելեց նա:
«Եթե կա ավելի լավ ընդդիմություն, քան մեր ընդդիմությունն է, մենք ոչ մեկի առաջ դուռ չենք փակել»
Հարցադրմանը, թե «ներկա իշխանության համար Քոչարյանի պես ընդդիմություն ունենալը պարգև է, Ձեզ հարց չեք տալիս, թե ինչո՞ւ 3 տարում երկիրը կործանած իշխանությունը 52 տոկոս ձայն հավաքեց» ընտրությունների ժամանակ, ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը պատասխանեց. «Եթե կա ավելի լավ ընդդիմություն, քան մեր ընդդիմությունն է, մենք ոչ մեկի առաջ ոչ դուռ ենք փակել, ոչ խոչընդոտ ենք հանդիսացել, մեր գլխավոր խնդիրը ձևակերպված է` հայրենիքը փրկել այս ծանր վիճակից: Եթե մարդիկ փորձում են իրենց անգործությունը ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի կամ մեր առկա ընդդիմության գոյությամբ, սա ճիշտ մոտեցում չէ»:
Նա համաձայնեց` նախկինում խնդիրներ ու անարդարություններ եղել են, սակայն շարունակեց. «Մի՞թե կարելի է բոլոր այն վատ երևույթները, որոնք նախկինում եղել են, համեմատել հայրենիքի կորստի հետ` սկսած կոռուպցիայից, անարդար մոտեցումներից: Համենայն դեպս, որևէ ողջամիտ դատողություն չի կարող նույնականացնել կամ համարժեքության մեջ դնել այս կորուստները նախկինի թեկուզ բազմաթիվ թերությունների, սխալների հետ»:
Ըստ նրա` այն, որ անգամ պատերազմից ու կորուստներից հետո գործող իշխանությունը վերընտրվեց, մի քանի պատճառ ունի. «Առաջինը՝ մեզ չհաջողվեց լիարժեքորեն ներկայացնել այն ծանր վիճակը, որի մեջ կանգնած է մեր պետությունը, մեր պետականությունը: Երկրորդը՝ այնքան շատ էին տարածված սուտն ու կեղծիքը, մանիպուլյացիան»:
Ամբողջությամբ դիտեք տեսանյութում.