Մատչելիության հղումներ

Քաղաքագետը քիչ հավանական է համարում, որ Փաշինյան - Ալիև հանդիպմանը փաստաթուղթ ստորագրվի


Քաղաքագետ Բենյամին Պողոսյանը, արխիվ
Քաղաքագետ Բենյամին Պողոսյանը, արխիվ

Քիչ հավանական է, որ դեկտեմբերին Բրյուսելում Փաշինյան - Ալիև հանդիպմանը փաստաթուղթ ստորագրվի, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

Քաղաքագետը կարծում է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի, ինչպես նաև տարածաշրջանային ապաշրջափակմանը վերաբերող հարցերը համաձայնեցվում են և կիրականացվեն 44-օրյա պատերազմից հետո գլխավոր միջնորդի դերը ստանձնած Մոսկվայի մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ Պողոսյանը նկատում է, այս հանդիպումը ինչ-որ առումով ապտակ էր Ռուսաստանին։

«Սա որոշակիորեն իմիջային հարված է Ռուսաստանի համար, որովհետև փաստորեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չցանկացան հանդիպել եռակողմ ձևաչափով Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, սակայն առնվազն համաձայնել են հանդիպել Եվրոպական միության խորհրդի նախագահի միջնորդությամբ: Սակայն սա, ինչպես ասում են, արտաքին դիտանկյունն է», - ընդգծեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ նոյեմբերի սկզբին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, ինչի մասին խոսել էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, տեղի չունեցավ կամ հետաձգվեց հայկական կողմի խնդրանքով։ Չկայացած հանդիպմանը հաջորդեց Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետերի տեղադրումը, ապա պատերազմի ավարտից ի վեր արևելյան սահմանագոտում՝ հայ-ադրբեջանական ամենաաարյունալի բախումը։

Քաղաքագետը նկատում է՝ այս սրացումից հետ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Երևանի համար ընդունելի են դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու Մոսկվայի առաջարկները։

«Մենք տեսանք, որ նոյեմբերի 16-ի կտրուկ էսկալացիայից հետո, երբ մենք հավելյալ տարածքային կարուստ ունեցանք, վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի համար ընդունելի էին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացրած առաջարկները: Իհարկե, առաջարկները չեն հրապարակվել և չեն հրապարակվել նաև այն փաստաթղթերը, որոնք ենթադրաբար պետք է ստորագրվեին Մոսկվայում, սակայն ամենայն հավանականությամբ չեմ կարծում, որ էական տարբերության կա դեմարկացիային և դելիմիտացիային վերաբերող այն փաստաթղթի միջև, որը նախատեսվում էր ստորագրվել Մոսկվայում և այն առաջարկների միջև, որը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն էր ներկայացրել, և որին մենք համաձայնվել ենք», - ասաց Պողոսյանը:

Ընդդիմադիրները բրյուսելյան հանդիպումից առաջ ավելի շատ մտահոգություններ ունեն

Ընդդիմադիրները բրյուսելյան հանդիպումից առաջ ավելի շատ մտահոգություններ ունեն, քան ակնկալիքներ։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է՝ Հայաստանի սահմանին վերջին ագրեսիայից հետո հաստատված հրադադարի պայմանների մասին ոչինչ չի հաղորդվել հանրությանը, փոխարենը Ադրբեջանից հնչող հայտարարություններն են ավելի կոշտացել։

«Շատ կարևոր է հասկանալ, թե իրականում ինչ օրակարգի շուրջ է տեղի ունենում այդ հանդիպումը, երկրորդը՝ ինչ հանգամանքներում է որոշում կայացվել, որ այն պետք է անցկացվի Բրյուսելում, որովհետև մինչև այդ խոսվում էր, որ Մոսկվայում կարող է տեղի ունենալ նման հանդիպում, նույնիսկ խոսվեց տեսակոնֆերանսի ձևաչափի մասին: Այս հանդիպման շուրջ այնքան հարցադրումներ կան կուտակված, իսկ իշխանությունը որևէ էական բան չի փոխանցում տեղի ունեցող օրակարգի կամ մեկ այլ մանրամասնի մասին, որ այս պարագայում մենք ավելի շատ պետք է խոսենք մտահոգությունների, խնդիրների, այլ ոչ թե ակնկալիքների մասին», - ընդգծեց Աբրահամյանը:

ԵՎ՛ պաշտոնական Երևանը, և՛ պաշտոնական Բաքուն այսօր հաստատել են, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն։

Հայաստանի Արտաքին գործերի մամուլի խոսնակը «Արմենպրես» պետական գործակալությանը հանդիպման փաստը հաստատելուց բացի, բանակցությունների օրակարգի մասին որևէ մանրամասն չի փոխանցել։

Այսօր այս թեմայով հակված չէին խոսել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Նրանք չցանկացան մեկնաբանել այս հարցը։

XS
SM
MD
LG