Մատչելիության հղումներ

ԱՄՆ և Թուրքիայի նախագահների խորհրդականները հեռախոսազրույց են ունեցել


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ

Իբրահիմ Քալընն ու Ջեյք Սալիվանը անդրադարձել են նաև ղարաբաղյան խնդրին

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ։ Ըստ ամերիկյան կողմի, Իբրահիմ Քալընն ու Ջեյք Սալիվանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

Թուրքական աղբյուրները նշում են, որ «կողմերը մանրամասն քննարկել են իրադրությունը Աֆղանստանում, Սիրիայում, ինչպես նաև խաղաղության ապահովումը և բարգավաճումը Ղարաբաղում»։

Այլ մանրամասներ կողմերը չեն հաղորդում։ Վաշինգտոնը առավել կենտրոնանում է երկկողմ հարաբերությունների ու դրանց ամրապնդման հեռանկարի վրա։

«Սալիվանն ու Քալընը քննարկել են թուրք-ամերիկյան կապերի հետագա քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն երկու երկրների նախագահների միջև Հռոմում տեղի ունեցած վերջին բանակցություններից հետո», - հաղորդում է Սպիտակ տունը։

Հոկտեմբերի վերջին տեղի ունեցած հանդիպմանը Էրդողանն ու Բայդենը համաձայնել էին միասնական մեխանիզմ ստեղծել՝ լարված հարաբերությունները բարելավելու համար։

Բարձր մակարդակով այդ հեռախոսազրույցին նախորդել էին շփումներ Թուրքիայի և Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունների միջև։ Շաբաթվա սկզբին, մասնավորապես, Պենտագոնում կայացել էր երկու երկրների բարձրաստիճան զինվորականների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էին տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Հարավային Կովկասում։

Այլ մանրամասներ կողմերը չեն հաղորդում, բայց նշում են, որ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, և պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ հանդիպում անցկացնել Անկարայում։

Թուրք-ամերիկյան ռազմավարական կապերը սկսեցին սրվել 2017-ից, երբ Անկարան հայտարարեց, թե պատրաստվում է ռուսական զենիթահրթիռային համակարգեր գնել։ Ի պատասխան Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել Անկարայի հանդեպ, և դուրս թողել Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից՝ մինչ օրս չի մատակարարել շուրջ 100 օդանավ։ Թուրքիան իր հերթին, այժմ որպես փոխհատուցում պահանջում է չորս տասնյակ F 16 կործանիչներ տրամադրել ու արդիականացնել իր զինանոցում առկա ամերիկյան կործանիչները։

«Կարծում ենք՝ ԱՄՆ ղեկավարության մոտեցումը դրական կլինի։ Բացասական պատասխանի դեպքում Թուրքիան ստիպված կլինի դիտարկել այլընտրանքային տարբերակներ», - օրերս հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ այլընտրանք է դիտարկում Անկարան։

XS
SM
MD
LG