Մատչելիության հղումներ

Էրդողանը այսօր Բայդենի հետ կխոսի նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին


Թուրքիա - Ջո Բայդենը Միացյալ Նահանգների փոխնախագահի պաշտոնում Անկարայում հանդիպում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, 24-ը օգոստոսի, 2016թ.
Թուրքիա - Ջո Բայդենը Միացյալ Նահանգների փոխնախագահի պաշտոնում Անկարայում հանդիպում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, 24-ը օգոստոսի, 2016թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ինչպես երևում է, շատ է մտահոգում Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը, և նա մտադիր է այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանն անդրադառնալ այդ հարցին:

Բայդենն ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և արդեն ասվել էր, որ գագաթնաժողովի շրջանակում նա հանդիպում է ունենալու Էրդողանի հետ:

Վերջինս Բրյուսել մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում լրագրողներին ասել է, որ Բայդենի հետ հանդիպմանն անդրադառնալու է նաև Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ԱՄՆ-ի նախագահի կողմից ցեղասպանություն ճանաչելու թեմային:

«Դաշնակից երկրի նման դիրքորոշումը մի հարցի շուրջ, որը ՆԱՏՕ-ի հետ որևէ առնչություն չունի, հայերի հետ կապված հարց է, անհանգստացրել և հիասթափեցրել է մեզ: Հնարավոր չէ շարունակել՝ առանց հիշեցնելու այդ մասին», - ասել է Թուրքիայի նախագահը:

Հաղորդելով այս մասին՝ Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ սերտ կապեր ունեցող Էրդողանն անցյալում ապավինում էր նրան ճգնաժամերը լուծելու համար, բայց հիմա շփոթված է ԱՄՆ-ի նոր վարչակազմի ավելի քննադատական և հեռավորություն պահելու մոտեցումից: Բայդենի երդմնակալությունից հետո նա երեք ամիս սպասել է առաջին շփման համար, և ապրիլին կայացած առաջին անհարմար զանգով Բայդենը նրան տեղեկացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր մտադրության մասին:

Ռեջեփ Էրդողանը լրագրողներին ասել է, որ հանդիպմանն անդրադառնալու է նաև ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս մղելու հարցին: Վաշինգտոնը հրաժարվել է Անկարային վաճառել 100 հատ F-35 կործանիչներ, երբ Թուրքիան, չանսալով ԱՄՆ-ի կոչերին, Ռուսաստանից գնեց հակաօդային պաշտպանության C-400 (S-400) հրթիռային համակարգերը:

Էրդողանն ասել է, որ այսօր կայանալիք հանդիպումը պետք է օգտագործել անախորժությունները հետևում թողնելու համար, և նշել է, թե առանց նախապայմանների մոտեցում է ակնկալում:

«Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները մենք պետք է սեղանին դնենք առաջին ձեռքից: Շատ բամբասանքներ կան՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, ուստի մենք պետք է բանակցենք, թե ինչպես կարող ենք անախորժությունները թողնել հետևում, ինչ կարող ենք անել և ինչ պե՛տք է անենք: Թուրքիան սոսկ որևէ երկիր չէ՝ Թուրքիան դաշնակից երկիր է», - հայտարարել է Էրդողանը:

Նախագահ Բայդենը եվրոպական իր առաջին ուղևորության ընթացքում մինչ Բրյուսել մեկնելը Բրիտանիայում մասնակցեց «Մեծ յոթնյակի» եռօրյա գագաթնաժողովին: Աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրների առաջնորդների ընդունած եզրափակիչ փաստաթուղթը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել ապակայունացնող վարքը և չարամիտ գործողությունները:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպումը նախատեսված է հունիսի 16-ին Ժևում, որից հետո համատեղ ասուլիս չի լինելու՝ Բայդենը միայնակ է ասուլիս տալու: Երեկ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է՝ Միացյալ Նահանգների վերականգնել է իր ներկայությունը միջազգային ասպարեզում:

XS
SM
MD
LG