Մատչելիության հղումներ

«Մինչև այստեղ երեկվա կռվի ձայները գալիս էին, սաղ երևում էր». Սյունիքի մի քանի բնակավայրերում անհանգիստ են


Սահմանային մարտերին մոտ գտնվող Սյունիքի մի քանի բնակավայրերում, այդ թվում՝ Իշխանասար գյուղում երեկ անհանգիստ են եղել։ Իշխանասարն, ըստ էության, ռազմական գործողությունների լեռնային տարածքին ամենամոտ գյուղն է:

Երեկ այստեղ իրավիճակն ակնթարթորեն է փոխվել, ասում են, գյուղացինները: Պայթյունի ու կրակոցների ձայները ստիպել են երեխաներին այլ բնակավայրեր տանել՝ բարեկամների մոտ, այսօր արդեն նրանցից շատերը վերադարձել են գյուղ:

«Գիշերը պայթել է, վախեցել ենք, մենք էլ Ղարաբաղից նոր ենք եկել, էդ վախը հլը դեռ մեր սրտերի մեջ է: Ո՞ւր էթանք, ի՞նչ անենք, չգիտեմ, տրաքոցների ձենը ականջներիս մեջն է: Երեխաները վախեցել են, իբր ուղարկել ենք Սիսիան, առավոտ շուտ եկել են», - «Ազատությանը» պատմեց տեղացիներից մեկը:

Իշխանասարցիները երեկվանից փորձում են հասկանալ՝ որ հատվածում են ադրբեջանցիներն առաջացել: Գյուղացիների համար անսպասելի չէին մարտական գործողությունները, հատկապես մայիսին մոտակա Սև լճի տարածք՝ ադրբեջանական զինուժի ներթափանցումից հետո. «Հայաստանի ողնաշարը Սյունիքն է, եթե Սյունիքը չեղավ, ողնաշարը կոտրված է»:

Սահմանային իրավիճակի սրացումն անակնկալի չի բերել նաև Սիսիանի հարևան Նորավան գյուղի բնակիչներին: Նորավանը մարտական գործողություններին ամենամոտ բնակավայրերից մեկն է: Երեկ այստեղ պարզ լսելի են եղել պայթյուները, գյուղացիներն ասում են՝ անգամ մարտական գործողությունների հետևանքով առաջացած ծխի ամպերն են տեսանելի եղել:

«Մինչև այստեղ ձայները գալիս էին, ահավոր վիճակ էր, ահավոր, ոնց որ քեզ մոտ կրակեին», - նշում է տեղացիներից մեկը, մյուսը` շարունակում. «Սնարյադը որտեղ կրակել է, տեղը երևում է:

Պարզ երևում է, ես բարձրացել եմ, բլրի վրայից սաղ նայել` կռիվը երևում էր: Ծանր հրետանին կրակում էր, սաղ պարզ երևում էր: Բայց որ մառախուղը պատեց, արդեն էլ չէր երևում»:

Ըստ նորավանցիների՝ ռազմական գործողությունները գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա են տեղի ունեցել՝ Քարվաճառի սահմանին մոտ` այնտեղ, որտեղ իրենց անասունների արոտավայրերն են: Գյուղից պարզ երևում են բլուրները, որոնք մոտ են ընդհարման հատվածին:

«Փոքր լեռ է, նրանից հետո հարթ ուղղություն է, այդտեղ իրենք են, մերոնք են եղել, հիմա այդ պոստերն իրենց մոտ են, կռիվը երեկ այդ մասում է եղել: Իրենք են վերցրել: Ասում են` հիմա մերոնց ձեռն է, բայց կոնկրետ տեղեկություն չկա էլի», - «Ազատությանը» պատմեց տեղացիներից մեկը:

Երեկ երեկոյից սկսած այստեղ իրավիճակը հանդարտ է. նոր կրակոցների, պայթյունի ձայներ չեն լսվել. «Գիշերը անցել է, առայժմ ոչ մի բան չկա, նորմալ է: Ժողովուրդը խուճապի չի մատնվել, կկայունանա, և վստահ ենք, որ ամեն ինչ լավ կլինի»:

Նորավանում երեկվանից անհանգիստ էին ոչ միայն այն պատճառով, որ մարտական գործողությունները գյուղին մոտ էին: Գյուղացիների մեծ մասը հենց այդ դիրքերում պայմանագրային ծառայության է: Նորավանցիներն ասում են՝ ընտանիք չկա, որ պայմանագրային ծառայող չունենա. «Էսօր մեր երիտասարդությունն աշխատում ա մեր զորամասում պայմանագրային, որ ընտանիք պահի և հայրենիք պաշտպանի»:

XS
SM
MD
LG