Չնայած Հայաստանը միջազգային գործընկերներից ադրբեջանական կողմի գործողություններին «պատշաճ» և «հասցեական» արձագանք էր պահանջում, միջազգային հանրության հայտարարություններն ու կոչերը, այդուհանդերձ, հիմնականում ուղղված են հավասարապես երկու կողմին։
«Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` կոչ անելով Երևանին և Բաքվին ուղիղ և կառուցողականորեն ներգրավվել մնացյալ բոլոր խնդիրների լուծման գործում՝ ներառյալ սահմանների դեմարկացիան։
Մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկ տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ Վաշինգտոնից կողմերին կրկին հորդորում են վերադառնալ բանակցային սեղան։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացյալ հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը», - ասված է պետքարտուղար Բլինքենի հայտարարությունում։
Նույնաբովանդակ հայտարարություն է հնչում նաև Փարիզից։ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկիր Ֆրանսիան նույնպես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի շարք հատվածներում իրադրության վատթարացման, ինչպես նաև ծանր սպառազինությունների կիրառման առթիվ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ հատկապես հայկական կողմից, ասվում է Ժան Իվ Լե Դրիանի հայտարարությունում։
Ֆրանսիայի արտգործնախարարը, վերահաստատելով պաշտոնական Փարիզի պատրաստակամությունը սահմանազատման և սահմանագծման գործընթացներին աջակցելու գործում, հայտարարել է. «Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան պետք է իրականացվեն բանակցությունների հիման վրա, որոնք «հեռու կլինեն տեղում կատարված փաստերից»։
Երկու կողմին զսպվածության կոչ է անում նաև Միացյալ Ազգերի Կազմակերպությունը։ «Մենք տագնապով ենք հետևում վերջին բռնարարքների մասին տեղեկություններին», - հայտարարել է կառույցի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը և կոչ արել բոլոր կողմերին առաջնորդվել եռակողմ հայտարարությունների դրույթներով, բոլոր առկա մտահոգությունները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով։
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած «վերջին բռնությունները լրջորեն մտահոգում են» նաև Եվրամիությանը։ Դաշինքը Երևանին և Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում, հորդորում ետ քաշել զինված ուժերի ստորաբաժանումները և հետևել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին։
Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Շառլ Միշելը երեկ սահմանային բախումների ֆոնին` հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ, լսել միմյանց հասցեին Ալիևի ու Փաշինյանի մեղադրանքները։ Հայաստանի վարչապետը պնդել է՝ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման, Ալիևն էլ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն է մեղադրել տեղի ունեցածի համար։ Հեռախոսազրույցին հաջորդած հայտարարությամբ Բրյուսելը Երևանին ու Բաքվին կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ աշխատելով չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման ուղղությամբ, ներառյալ սահմանների սահմանագծումը։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության կապակցությամբ տարածած հայտարարությունում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչենովիչ Բուրիչն էլ հիշեցրել է, որ ավելի քան երկու տասնամյակ առաջ Երևանն ու Բաքուն, անդամակցելով Եվրախորհրդին, պարտավորություն են ստանձնել հակամարտությունը կարգավորել խաղաղ միջոցներով։
«Այդ պարտավորությունն անփոփոխ է և պետք է անշեղորեն կատարվի»,- հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը` վերահաստատելով իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանին և Ադրբեջանին օգնելու նրանց շարունակական ջանքերին՝ գտնելու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղին։
Բացառապես հայկական կողմի զոհերի կապակցությամբ մտահոգություն է հայտնել միայն պաշտոնական Օտտավան։
«Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած և հայ զինծառայողների մահվան հանգեցրած վերջին բախումների առթիվ։ Մտովի զոհերի, նրանց հարազատների և հանրության հետ ենք», - Թվիթերում գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին՝ իր հերթին կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին թուլացնել լարվածությունը, որպեսզի, ինչպես հավելում է, «հնարավոր լինի հասնել խնդրի խաղաղ լուծման»։