Մատչելիության հղումներ

«Ցանկանում ենք սերտորեն համագործակցել Իրանի հետ Հարավային Կովկասում կայունության հաստատման ուղղությամբ». Չավուշօղլու


Թուրքիայի արտգործնախարարն այսօր Թեհրանում կրկին խոսել է տարածաշրջանային երկրների համագործակցության «3+3» ձևաչափի մասին: Մևլութ Չավուշօղլուն իրանցի պաշտոնակցի՝ Հոսեյին Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է, որ նպատակ ունեն Իրանի հետ ավելի ակտիվ երկխոսել ու աշխատել մերձավորարևելյան նաև կովկասյան տարածաշրջանում մի շարք չլուծված խնդիրների հանգուցալուծման համար:

«Ցանկանում ենք սերտորեն համագործակցել Իրանի հետ Հարավային Կովկասում կայունության հաստատման ուղղությամբ՝ մասնավորապես 6-ի հարթակում», - ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո շրջանառության մեջ դրված այս նախաձեռնությունը ենթադրում է Հարավային Կովկասի 3 երկրների ու նրանց 3 մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ նոր հարթակի ստեղծում։ Վրաստանը հայտարարել է, որ դեմ է նախաձեռնությանը, իսկ Հայաստանը դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնել։

Ուշագրավ է, որ Չավուշօղլուի այցին ընդառաջ «Թեհրան Թայմս» պարբերականը իր այսօրվա համարում գրել է, թե Իրանի և Թուրքիայի սերտ համագործակցությունը երկուստեք շահավետ է: Ըստ պարբերականի, Ղարաբաղյան պատերազմից հետո թուրք-իրանական հարաբերությունները հիմա ավելի կայուն վիճակում են և նախարարի այցը Թեհրանի և Անկարայի համագործակցության ընդլայնման ազդակ է: Հիշատակելով անցած ամիս Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առաջացած ճգնաժամը՝ իրանական պարբերականը գրում է, որ Թուրքիան հնարավորինս չեզոք դիրք ընդունեց՝ կանխելով թուրք-իրանական հարաբերություններում հնարավոր լարվածությունը:

«Անկարան ու Թեհրանը, չնայած մի շարք հարցերում ունեցած տարաձայնությունների, յուրատեսակ մոդուս վիվենդի են մշակել, որի շնորհիվ կարողանում են միասին աշխատել նույնիսկ ամենադժվար ժամանակներում: Թուրք նախարարի այցը ևս մի հնարավորություն է նոր մակարդակով հարաբերությունների խորացման համար», - գրում է «Թեհրան Թայմսը»:

Ի դեպ, այսօրվա ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահը առաջիկայում կմեկնի Իրան՝ երկու երկրների հարաբերությունների խորացման վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրելու նպատակով: Չավուշօղլուն էլ նշել է, որ ամենայն հավանականությամբ այդ այցը կկայանա մինչև տարեվերջ: Այս տարի նախատեսվում է նաև անցկացնել Իրան-Թուրքիա բարձր մակարդակով համագործակցության 7-րդ նիստը:

Իրանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարին ընդունել է նախագահ Էբրահիմ Ռաիսին: Չավուշօղլուն իր թվիթերյան էջում գրել է՝ Ռաիսիի հետ քննարկել են առևտրատնտեսական հարաբերություններին, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներ: Կողմերը վճռականություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Իրանի նախագահն էլ նշել է, որ երկու երկրների սերտ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:

XS
SM
MD
LG