Երևանը պետք է օգտվի պատմական հնարավորությունից և արձագանքի Բաքվի և Անկարայի՝ խաղաղության կոչերին, այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ ամփոփելով երկօրա այցը Ադրբեջան։
Հուլուսի Աքարը կրկին պնդել է, թե փոխգործակցության համար լավագույն հարթակը կարող է դառնալ «3+3» ձևաչափը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, և նրանց մեծ հարևանների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ։
Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին, ու պնդել, թե այն չի սպառնում որևէ երկրի շահերին։ Ընդ որում, Աքարը նշել է, թե այս հարցով պետք է Ադրբեջանն ու Հայաստանը բանակցեն։
«Անհրաժեշտ է աջակցել այս գործընթացին, ոչ թե կանխել այն։ Համագործակցությունը կբերի բարգավաճման և դրական զարգացումների, որոնց ազդեցությունն իրենց վրա կզգան տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասել է նա։
Հայկական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ի վեր պնդում է, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկում։