«3+3» ձևաչափը չի մտնում Վրաստանի ազգային շահերի մեջ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց վրացի քաղաքագետ, Աշխարհաքաղաքական վերլուծության կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն՝ շեշտելով՝ այս ձևաչափի շրջանակներում, Ռուսաստանը կփորձի Վրաստան վզին փաթաթել այսպես կոչված նոր աշխարհաքաղաքական իրականություն և գործնական ոլորտում փորձեր են լինելու բացել Աբխազիայի միջով անցնող երկաթուղին, ինչն սկզբունքորեն հակասում է Վրաստանի ազգային շահերին:
Տարածաշրջանում «3+3» հարթակի ստեղծման առաջարկը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներինն է։ Էրդողանն ասել է, թե Ալիևը Հայաստանին խաղաղություն է առաջարկել, և որ Հարավային Կովկասում մշտական խաղաղություն կարելի է հաստատել՝ գործարկելով «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան) մեխանիզմը։
Էրդողանը նաև պնդել է, թե Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը քննարկում են ունեցել այս ձևաչափի մասին՝ չմանրամասնելով, սակայն, թե երբ, որտեղ ու ինչ ֆորմատով է տեղի ունեցել այդ քննարկումը։ Հայաստանի կառավարությունը չի մեկնաբանում Էրդողանի այս հայտարարությունը։ Հոկտեմբերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «3+3»-ի մասին խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով՝ Հայաստանը պետք է մանրամասներ իմանա՝ ձևաչափի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելու համար։ Պաշտոնական Երևանը, միաժամանակ շեշտում է, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը պատկերացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Թեև հարթակի մասին արդեն մեկ տարի է խոսվում է, սակայն մինչ այս պահը հստակ չէ՝ ինչ տեսք է այն ունենալու․ կազմակերպություն, թե զուտ հարթակ հարցերը քննարկելու համար, արդյոք այստեղ կայացվելու են որոշումներ և եթե այո, ում կողմից և ինչ ձևաչափով։
Ռուսաստանը «3+3» ձևաչափի հնարավորինս շուտ գործարկման հույս է հայտնել՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, այդ գործընթացը խոչընդոտելու փորձեր են անում։
Գելա Վասաձեի կարծիքով՝ այս հարթակի ստեղծումը հակասում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ազգային շահերին:
«Թուրքիայի պարագայում ինձ նույնիսկ այդքան էլ հասկանալի չէ նրա մեծ շահագրգռվածությունը: Միգուցե Անկարան ցանկանում է իր դիրքերը Հարավային Կովկասում ինչ-որ ձևաչափով ամրապնդել: Բայց նորից ասեմ, տվյալ պարագայում ես չեմ քննարկելու այլ երկրների դիրքորոշումները: Ես կխոսեմ Վրաստանի մասին․ Թբիլիսին կտրականապես դեմ է, առավել ևս որ այս հարցում մեզ աջակցել է մեր գլխավոր ռազմավարական գործընկեր և մեր անվտանգության երաշխավոր Ամերիկայի Միացյալ Նահանգները», - ասաց վրացի քաղաքագետը:
Դիտարկմանը, թե Վրաստանը պատրաստակամորեն համաձայնել է ստանձնել միջնորդի դերը Հայաստանի և Թուրքիայի միջև, Վասաձեն այսպես արձագանքեց․ - «Ես Ձեզ այսպես ասեմ. Վրաստանը չի կարող լինել միջնորդ ոչ Հայաստանի և Թուրքիայի, ոչ էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Վրաստանը կարող է հարթակ լինել: Որովհետև միջնորդը այն կողմն է, որը այլ երկրների վրա ազդեցության ռեսուրսներ ունի: Վրաստանը չունի ռեսուրսներ ազդելու ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ առավել ևս Թուրքիայի վրա: Ուստի մենք չենք կարող լինել [հնարավոր պայմանավորվածությունների] իրականացման երաշխավորը: Մենք կարող ենք լինել հարթակ»:
Նրա համոզմամբ, Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկկողմ բանակցությունների շրջանակներում, որովհետև, Վասաձեի համոզմամբ, միջնորդները խանգարում են: «Միջնորդներն օբյեկտիվորեն ունեն իրենց շահերը: Մենք կարող ենք տրամադրել տարածք, հարմարավետ միջավայր, թեյ ու սուրճ հյուրասիրել ու մեր հետևից հանգիստ դուռը փակել»,- նշեց քաղաքագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․