Մատչելիության հղումներ

ԱԽ նիստում Փաշինյանը հաստատեց ադրբեջանական առաջխաղացումը. պաշտպանության նախարարը պաշտոնանկ արվեց


Ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք՝ արևելյան տեղամասերից մեկում, այսօր կեսօրին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում։

«Երեկվանից մենք այս կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի անգամ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Այլ մանրամասներ վարչապետը չհայտնեց՝ մասնավորապես երբ, որտեղ և ինչ հանգամանքներում է եղել առաջխաղացումը։ Հաջորդիվ տարածվեց Անվտանգության խորհրդի հաղորդագրությունը, որից պարզ դարձավ, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի զինված ուժերի չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: Այնուհետև նշվում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները նույնպես դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից:

Պաշտոնապես չի բացատրվում՝ ինչու են հայկական ստորաբաժանումները դուրս եկել սեփական դիրքերից։ Հաղորդագրությունում ասվում է նաև, որ «նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ»։

ԱԽ-ն հերքում է, թե դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել

Անվտանգության խորհրդից հերքում են լուրերն այն մասին, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել։ Այդուհանդերձ, չկա նաև բացատրություն՝ ինչ ծավալով են շարունակում Հայաստանի տարածքում մնալ ադրբեջանական ուժերը։

Ի պատասխան՝ Բաքուն հերքում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու մասին հայկական կողմի հայտարարությունները և պնդում, որ իր բանակը տեղակայված է Ադրբեջանին պատկանող տարածքներում։

Ադրբեջանական լրատվամիջոցները 2 օր շարունակ հաղորդում էին հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող բախումների մասին, որոշ աղբյուրներ պնդում էին, թե ադրբեջանական զորքն առաջխաղացում է ունեցել, սակայն պաշտոնական Երևանը, մասնավորապես Պաշտպանության նախարարությունն այդ լուրն այդպես էլ չէր հաստատում։

Սուրեն Պապիկյանը` պաշտպանության նախարար

Այսօր կայացած ԱԽ նիստում Փաշինյանը ոչ միայն հաստատեց առաջխաղացման մասին տեղեկությունը, այլ նաև տեղեկացրեց, որ «երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում» որոշել է պաշտոնից ազատել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին։ Նրան կփոխարինի փոխվարչապետի պաշտոնից այսօր ազատված Սուրեն Պապիկյանը, որը նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։

Մի քանի ժամ անց արդեն ՊՆ-ում նոր նախարարին ներկայացնելիս և հնին հրաժեշտ տալիս Փաշինյանը նորից ընդգծեց՝ երկիրը գտնվում է ռազամավարական լրջագույն մարտահրավերների առաջ։

Այս տարվա օգոստոսից նախարար նշանակված Կարապետյանի հրաժարականին նախորդել էր սահմանային լարվածությունը և՛ Սյունիքի, և՛ Գեղարքունիքի ուղղություններով։ Իսկ դրանից առաջ նա նոյեմբերի 6-ին և 7-ին մեկնել էր Արցախ, հետո էլ եղել էր Սյունիքի Սև լճի հատվածում։

Բաքուն դատապարտել էր նրա այցը Ստեփանակերտ` պնդելով` Կարապետյանի հանդիպումները Ղարաբաղի «ապօրինի ռազմական խմբավորումների հետ և հայտարարությունները նրանց մարտունակության մասին» ռազմաքաղաքական սադրանք են»։

Այո, 4 հենակետից մեր զինվորները դուրս են եկել. Ալեն Սիմոնյան

Խնդրահարույց 4 դիրքերի մասին ուշագրավ հայտարարություն է արել այսօր Անվտանգության խորհրդի նիստին մասնակցած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, թե դրանք չէին գործում, միջանկյալ հատվածում էին։ Այդ դեպքում ինչո՞ւ էին այնտեղ տեղակայված հայ զինծառայողները, այս հարցին Սիմոնյանը չի անդրադարձել:

«Ձեռնտու էլ չի շահագործել նաև ադրբեջանցիների կողմից այդ լանդշաֆտի, այդ տարածաշրջանի մասով, բայց փաստը մնում է փաստ, որ այո, 4 հենակետ մենք, մեր զինվորները 4 հենակետից դուրս են եկել»:

Ընդդիմադիրները կասկածներ ու հարցեր ունեն

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կասկածի տակ է դնում իշխանությունների բացատրությունները սահմանին տիրող իրավիճակի շուրջ. «Խաղաղապահները տեղակայված չեն, օրինակ, Սյունիքի հատվածում, այն հատվածում, որտեղ ասում են, որ լարվածություն է եղել գիշերը` Իշխանասարից դեպի ձախ մինչև Ջերմուկ ընկած հատվածում, ապա ինչի՞ շուրջ են բանակցում: Դա նշանակում է, որ փոփոխություններ եղել են ինչ-որ չէ՞», - հարցնում է նա:

Մյուս ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ անպատասխան հարցեր ունի իշխանություններին՝ ո՞վ է հրամայել չկրակել դեպի հայկական դիրքերը եկող ադրբեջանական ուժերի վրա։ Պատգամավորը վստահ է՝ սահմանի տարբեր ուղղություննեով հնարավոր են նման իրավիճակներ, վառ օրինակ մայիսի 12-ից հետո ադրբեջանական զոքրի ներկայությունը Հայաստանի տարածքում, որի համար, Աբրահմայանը նկատում է, մինչև օրս որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։

Ընդդիմադիր պատգամավորը կասկածի տակ է դնում նաև այսօր ավելի վաղ արված ԱԽ հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը դիմադրություն է ցույց տվել ադրբեջանցիներին. «Տարածվեցին տեսանյութեր, որտեղ ակնհայտ էր, որ առանց հրաձգության հայկական դիրքի նկատմամբ վերահսկողություն է հաստատվել Ադրբեջանի կողմից: Դա, բնականաբար, բերում է պետական կառույցների նկատմամբ տոտալ անվստահության, ինչն անվտանգության տեսանկյունից ևս բավականին մեծ սպառնալիք է»:

Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում վերադիրքավորման գործընթաց է սկսել, պնդում է Աբրահամյանը՝ շեշտելով` Բաքուն այսօր վաղվա խնդիրն է լուծում. «Բառիս բուն իմաստով զավթում է այն, ինչ իր համար համարում է ռազմավարական առումով կարևոր, իսկ Հայաստանի իշխանություններն ստեղծված իրավիճակում ադեկվատ գործիքակազմ չեն կիրառում, ինչով էականորեն մեծացնում են ինչպես նոր կորուստների հավանականությունը, այնպես էլ նոր խնդիրներ են ստեղծում անվտանգային առումով»:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վստահ է՝ Փաշինյանը չի հասկանում, չի ճանաչում Ալիևին, այդ առիթից օգտվելով հակառակորդը, Օհանյանի պնդմամբ, միակողմանի պարտադրանքով անցել է սահմանազատման-սահմանագծման գործընթացին, ինչը պարտվողական քաղաքականության արդյունք է:

«Նրանք ամեն օր փորձելու են ինչ-որ մի բան պոկել, ճնշեն Հայաստանին, իհարկե, իրենց հեռահար նպատակների կատարման համար` ապաշրջափակումն է, այսպես կոչված, «միջանցքի» բացումն է, ինչպես իրենք են ասում, որը հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի համար բերելու է ավելի խորը շրջափակման: Պատերազմն ավարտելուց հետո, երբ որ նշված էր, որ զորքերը պետք է կանգնեն Սյունիքի հատվածում, այն հատվածներում, որտեղ ավարտել են մարտական գործողությունները, այս իշխանությունները չէին գիտակցել, որ հետագայում խաղաղության պայմաններ լինեն, սահմանազատում և սահմանագծում լինի, յուրաքանչյուր ռազմավարական կետը պետք է հիմք հանդիսանա հենց սահմանագծում և սահմանազատում իրականացնելու բանակցությունների շրջանակում»:

Սահմանազատման - սահմանագծման աշխատանքները սկսելու պատրաստակամության մասին խոսում են և՛ Երևանը, և՛ Բաքուն, սակայն հայտնի չէ, երբ գործընթացը կմեկնարկի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG