Մատչելիության հղումներ

Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց․ նրան կփոխարինի Սուրեն Պապիկյանը


Արշակ Կարապետյան, Սուրեն Պապիկյան
Արշակ Կարապետյան, Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի օգոստոսից։

Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, որն ազատվեց փոխվարչապետի պաշտոնից։

Նախագահ Արմեն Սարգսյանը երեք հրամանագրերը ստորագրել է այսօր՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

Կարապետյանի հրաժարականին նախորդել էին միջադեպեր․ երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդեց Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Երկու կողմերն էլ նշում են, որ տուժածներ չունեն:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին՝ Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Արշակ Կարապետյանը մեկնել էր Արցախ։ Կարապետյանը Ստեփանակերտում մասնակցել էր Պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել էին անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր:

Բաքուն դատապարտել էր Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Ստեփանակերտ՝ պնդելով, թե Արշակ Կարապետյանի հանդիպումները Ղարաբաղի «ապօրինի ռազմական խմբավորումների հետ և հայտարարությունները նրանց մարտունակության մասին» ռազմաքաղաքական սադրանք են։

Հեղափոխությունից հետո՝ 2018-ի դեկտեմբերին Արշակ Կարապետյանը նշանակվել էր Փաշինյանի խորհրդական, սակայն 2021-ի ապրիլին ազատվեց այդ պաշտոնից, նշանակվեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Նա այդ պաշտոնը զբաղեցրեց երեք ամիս․ 2021-ի հուլիսին նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Կարապետյանը Զինված ուժերի հետախուզության վարչության պետն էր։ 2016-ին նա պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից։ Շատերը հենց նրան էին պատասխանատու համարում ապրիլյանի զոհերի ու նաև տարածքային կորուստների համար՝ հաշվի առնելով, որ այդ օրերին նա էր ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետը։

XS
SM
MD
LG