Ադրբեջանական զինված ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։
«Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ», - նշված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդում է Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Ըստ երկրի պաշտպանական գերատեսչության` գիշերվա ընթացքում հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակոցներ են արձակել տարբեր ուղղություններով, այդ թվում` «Բասարկեչարի շրջանի Յուխարի Շորջայի» (Վարդենիս), Ջերմուկի դիրքերից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքից:
Ներկա պահին, ըստ Հայաստանի ՊՆ-ի, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։
Երկու կողմերն էլ նշում են, որ տուժածներ չունեն:
Երեկ երեկոյից է ադրբեջանական ԶՈւ-ի շարժ նկատվել Վերին Շորժայի սահմանին, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը:
Հայ դիրքապահները, Վերին Շորժայի համայնքապետի խոսքով, համարժեք պատասխան են տվել։ Ըստ Երանոսյանի՝ այս պահին իրավիճակը սահմանի այս հատվածում հանդարտ է:
Այս նույն ուղղություններով կրակոցների մասին Բաքուն հայտարարել էր նաև երեկ: Պաշտոնական Երևանն ադրբեջանական կողմին էր մեղադրել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ կրակ բացելու համար։