Ամռանը պատվաստվելու դեպքում այսօրվա մահերը հնարավոր էր կանխել, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով մահերի թվի աճին, ասաց Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը:
«Պատվաստումների թիվը կտրուկ աճում է միայն վերջին մեկ ամսվա ընթացքում, իսկ այս մահերը արդյունք են մի քանի շաբաթ առաջ հիվանդացած մարդկանց վիճակի վատթարացման: Այսինքն՝ եթե մենք ունենայինք պատվաստման այս տեմպերը ամռան ամիսներին, կարող էինք այս մահերից շատերը կանխարգելել», - ընդգծեց Պետրոսյանը:
Հայաստանում այսօր կորոնավիրուսից մահացել է 69 մարդ: Covid-19-ից մահացածների ընդհանուր թիվը 6 հազար 831 է:
Պետրոսյանը նշեց, որ մահացության դեպքերի աճը պայմանավորված է նաև պատվաստումների ցածր մակարդակով. «Եթե տեսնենք այլ երկրների փորձառությունը, որտեղ պատվաստման ծածկույթը շատ մեծ է, կտեսնենք, որ այնտեղ մահացությունը շատ ավելի ցածր է, ասեմ ավելին, որ նույնիսկ երկրներ կան, որտեղ ուսումնասիրությունները ցույց են տալիս պատվաստումների արդյունավետությունը՝ ինչպես է աշխատում ամեն տարիքային խմբում` ամեն պատվաստանյութի վերաբերյալ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են պատվաստանյութերը կտրուկ իջեցնում մահացությունը բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում»:
Ամենախոցելին, ըստ նրա, շարունակում են մնալ 65 և ավելի տարիք ունեցողները. - «Երբ որ վարչական լծակներ են կիրառվում, հիմնականում այն ազդում է երիտասարդների, աշխատողների վրա, իսկ տարիքով ավելի մեծ մարդիկ՝ 65 և ավելի, որոնք չեն աշխատում, շատերը միգուցե թոշակառուներ են, իրենց մոտ այս լծակը չի աշխատում, իսկ սա ամենախոցելի խումբն է»:
Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկանն ընդգծեց՝ այդ է պատճառը, որ տարբեր երկրներում փորձում են տարբեր մեխանիզմներ գտնել, որովհետև տեսնում են, որ վարչական լծակը չի ազդում:
«Չպատվաստվածների էպիդեմիա»
«Գիտենք, որ քովիդի դեմ պատվաստանյութերի 7 միլիարդից ավելի դեղաչափ արդեն օգտագործվել է՝ ամբողջ աշխարհով մեկ: Սա նշանակում է, որ 3 միլիարդից ավելի մարդիկ ստացել են այդ պատվաստանյութերը, և կան բազմաթիվ հետազոտություններ, ինչպես նաև երկրների փորձերը, ուղղակի վիճակագրական տվյալները, երբ որ նայում ենք, տեսնում ենք, որ եթե նույնիսկ կա թվերի նման միտում, սակայն ծանր, ծայրահեղ ծանր դեպքերը, մահացությունը քիչ են: Եղած տվյալները նաև մեկ բան են ցույց տալիս, որ նույնիսկ 80 տոկոս պատվաստման դեպքում դեռևս հիվանդությունը կարող է աճ գրանցել, քանի որ այդ 20 տոկոսը պատվաստված չէ և ավելի խոցելի է: Որոշ երկրներում այս աճը անվանում են՝ «չպատվաստվածների էպիդեմիա», այսինքն՝ այսպիսի խնդիր կա նույնիսկ բարձր պատվաստվածության շեմ ունեցող երկրներում, քանի որ հիվանդությունը շատ վարակիչ է», - նշեց Վարդուհի Պետրոսյանը:
Իսկ թե ինչո՞ւ չի բարելավվում ընդհանուր համաճարակային վիճակը նախորդ տարվա այս շրջանի համեմատ, Պետրոսյանը պատասխանեց. «Վիճակն ինչո՞վ է վատթարացել, քանի որ մենք այս տարի գործ ունենք շատ ավելի վարակելիություն ունեցող «Դելտա» ենթատեսակի հետ, անցյալ տարի ավելի քիչ վարակելիություն ունեցող ենթատեսակն էր: Այդ է պատճառը, որ այժմ թվերը շատ ավելին են և մենք գիտենք, որ նաև ընթացքն է ավելի ծանր ընթանում, այլ երկրների փորձից ու նաև մեր երկրի փորձից ենք տեղյակ, սակայն դեռևս մեր պատվաստման ցուցանիշը այնքան բարձր չէ, որ կարողանանք հանրային իմունիտետ ապահովել»: