Մատչելիության հղումներ

Covid 19-ի դեմ միջոցառումներում չարաշահումների փաստերով 20 քրեական գործ է հարուցվել, 15 անձի մեղադրանք է առաջադրվել


Կորոնավիրուսի համավարակի դեմ միջոցառումներում հանցավոր չարաշահումների փաստերով 20 քրեական գործ է հարուցվել, 15 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանցից 9-ը կալանավորվել է, այսօր հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

Հաղորդագրության համաձայն՝ 2021 թվականի ապրիլից Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են COVID-19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից գրեթե նույն սխեմայով կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքների և կաշառքի բազմաթիվ դեպքեր:

Մասնավորապես, բուժհաստատությունների, պետական այլ մարմինների կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ ունեցող մի շարք պաշտոնատար անձինք, լիազորված լինելով կազմակերպել COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը, «բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների հետ գործակցությամբ, այլ անձանց կողմից համոզելու, նյութապես շահագրգռելու պայմաններում, հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին կամ երկու չափաբաժիններով պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ և դրանք մուտքագրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ»:

Առանձին դեպքերում էլ պարզված կոռուպցիոն չարաշահումները պայմանավորված են եղել քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստան ժամանող ուղևորների համար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ապահովելու հետ:

Ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող և համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատ կամ թեստի կեղծ բացասական պատասխաններ ստացած քաղաքացիներից անձամբ կամ միջնորդների միջոցով ստացել են տարբեր չափերի՝ 5 հազարից մինչև 40 հազար դրամ կաշառք:

ԱԱԾ-ում և Ոստիկանությունում հարուցված 20 քրեական գործերը վերաբերում են Երևան քաղաքի և Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի բազմաթիվ բուժհաստատությունների, հիմնականում՝ պոլիկլինիկաների: Նախնական տվյալներով՝ կեղծ սերտիֆիկատներ է ստացել և դրանց հիման վրա «ԱՐՄԵԴ» համակարգում ապօրինաբար գրանցվել, կամ կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ է ստացել ընդհանուր շուրջ 310 քաղաքացի:


XS
SM
MD
LG