Մատչելիության հղումներ

Հակապատվաստումային միֆեր՝ չիպավորումից մինչև անպտղություն


Աշխարհով մեկ կորոնավիրուսի չորրորդ ալիքի ահագնացմանը զուգահեռ թափ է հավաքում պատվաստման դեմ կեղծ ու մահաբեր քարոզչությունը։

Պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 5 միլիոն մարդու կյանք խլած վիրուսի դեմ մինչ օրս հայտնաբերված միակ արդյունավետ միջոցի՝ վակցինացիայի դեմ շրջանառվում են միֆեր, կեղծ տեղեկություններ, որոնց հեղինակները իրենց պնդումները համոզիչ դարձնելու համար հաճախ վկայաբերում են ինչ-ինչ «ուսումնասիրություններ», ազգական-հարևանների պատմությունները ինչ-որ «գաղտնի հետազոտական կենտրոններից»։

Դավադրական տեսությունների հեղինակները համոզված են, որ COVID-19-ի զոհերը շատ ավելի քիչ են, քան բժիշկներն են ներկայացնում, մյուսները վստահ են, որ կորոնավիրուս առհասարակ գոյություն չունի, հետևաբար դեմ են պատվաստումներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշմամբ՝ ողջ աշխարհում պանդեմիային զուգահեռ նաև ինֆոդեմիա է՝ որոշները դիմադրում են ապատեղեկատվությանը, շատերը դառնում՝ դրա զոհը։

Ֆրանսիական Կոտ դ՛Ազյուր համալսարանի պրոֆեսոր Փոլ Բերտենը գործընկերների հետ հեղինակած գիտական աշխատանքում փորձել է պատասխանել հարցին, թե ինչն է մարդկանց ստիպում հավատալ համաճարակի դեմ պայքարի հարցում գլխավոր սպառնալիքներից մեկը դարձած դավադրապաշտական տեսություններին ու կեղծ լուրերին։ Գիտնականը եզրահանգել է, որ դավադրական տեսություններին հավատալը մարդկանց հանգստություն է բերում։

«Երբ մարդը վստահ է ինչ-որ տեսության հարցում, նվազում է անորոշության զգացումը, նրան թվում է, թե ինքն ավելի լավ է կառավարում իրավիճակը։ Բացի այդ, մարդիկ սկսում են համախոհներ փնտրել համացանցում, որոնք դառնում են յուրատեսակ աջակիցներ։ Նման շրջապատում մարդկանց սկսում է թվալ, թե իրենք միակն են, որոնք տիրապետում են գաղտնի տեղեկատվության կամ բացառիկ հասանելիություն ունեն «ճշմարտացի» տեղեկատվությանը», - գրում է Փոլ Բերտենը։

«COVID-19-ի դեմ պատվաստանյութերը փոխում են մարդու ԴՆԹ-ն», «պատվաստանյութը հանգեցնում է անպտղության», «պատվաստանյութի միջոցով մարդկանց չիպավորում են որպեսզի կառավարությունը կարողանա վերահսկել բնակչությանը», սրանք թերևս ամենատարածված կեղծ պնդումներն են, որոնք հնչում են պատվաստանյութերը մերժող խմբերի կողմից։

«Անհեթեթություն»,- հակադարձում են մասնագետները՝ հեղինակավոր բժշկագիտական կենտրոններից՝ Ջոն Հոփքինսի համալսարանից մինչև ռուսաստանյան գիտա-հետազոտական կառույցներ։ Բժիշկները, գիտնականները միաբերան պնդում են՝ պատվաստանյութերը անվտանգ են, ավելին՝ դրանք արդյունավետ կերպով կանխում են մարդու օրգանիզմում կորոնավիրուսի մահաբեր վտանգը և ունեն բացառապես ա՛յդ ֆունկցիան։

COVID-19 -ի դեմ կիրառվող ավելի քան երկու տասնյակ պատվաստանյութերից և ոչ մեկը որևէ կերպ չի ազդում մարդու գենետիկ համակարգի վրա, հայտարարում են Ջոն Հոփքինսի գիտահետազոտական կենտրոնի բժիշկներ Լիզա Մարագակիսը և Գեյբոր Քելենը։ Նրանք բացատրում են՝ պատվաստանյութերը իմունային բջիջներին ծանոթացնում են կորոնավիրուսի գենետիկ մասնիկների հետ, դրանք սկսում են հակամարմին ստեղծել, ինչն էլ թույլ է տալիս պաշտպանվել վիրուսից։

«Սուրհանդակ ՌՆԹ» կամ mRNA պատվաստանյութերը բջիջներին սովորեցնում են արտադրել այն սպիտակուցը, որը մարմնի իմունային արձագանք կառաջացնի։ Այդ արձագանքի շնորհիվ էլ արտադրվում են մարդուն վիրուսից պաշտպանող հակամարմինները։ mRNA-ն ԴՆԹ-ից տարբեր է և նախքան տրոհվելը բջջի ներսում մնում է մոտ 72 ժամ։ Այդուհանդերձ, այն, երբևէ, մուտք չի գործում բջջի կորիզ, որտեղ պահվում է ԴՆԹ-ն, և տեսականորեն նման բան հնարավոր չէ։

Our World in Data կայքի տվյալներով՝ աշխարհում պատվաստված մարդկանց թիվը հասել է ավելի քան 3 միլիարդի և մինչ օրս հայտնի չէ որևէ դեպք, երբ այդ ահռելի մեծ թվով մարդկանց գոնե մեկի մոտ ԴՆԹ-ն փոխված լինի։ Գիտնականները հատկապես անհեթեթ են որակում պնդումները, թե կորոնավիրուսի պատվաստանյութերը չբերություն են առաջացնում։ Չկա որևէ ապացույց, որ ցանկացած, այդ թվում՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը կարող են ազդել տղամարդու կամ կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Հակառակը՝ առկա են տվյալներ, որ հենց կորոնավիրուսային հիվանդությունը կարող է ազդել անձի վերարտադրողական առողջության վրա։

ԱՀԿ-ն թերահավատներին ավելի քան մեկ տարի է՝ վստահեցնում է, որ համաճարակի հետևանքներն ու ծավալները ստիպել են բազմաթիվ դեղագործական ընկերությունների բոլոր ռեսուրսները կենտրոնացնել COVID-19-ի դեմ հնարավորինս արագ պատվաստանյութ ստանալու գործին և արդյունքում այդ գործընթացում ներգրավել են հսկայական միջոցներ, ինչը, սակայն, չի նշանակում, որ գործընթացն իրականացվել է հապճեպ և հաշվի չեն առնվել անվտանգության պահանջները կամ չեն անցկացվել համապատասխան փորձարկումներ։

Պատվաստանյութերի վտանգավորության մասին չապացուցված պնդումների հեղինակներից մեկը Pfizer ընկերության նախկին աշխատակից է։ 60-ամյա Մայքլ Յիդոնը Pfizer-ի նախկին փոխնախագահն էր, որտեղ 16 տարվա գործունեության ընթացքում ալերգիայի և շնչառական թերապիայի ոլորտի հետազոտություններով էր զբաղվում։ Թոշակի անցնելուց հետո, սակայն, նրա գիտական հայացքները գլխիվայր շուռ եկան, նա դարձավ պատվաստանյութերի դեմ արշավի գլխավոր խոսափողներից մեկը։ Յիդոնի նոր ու վտանգավոր գործունեությունը զարմանք է առաջացրել հատկապես նախկին գործընկերների շրջանում, որոնք «Ռոյթերզ»-ի հետ զրույցում պատմել են, որ նա բոլորովին այլ մարդ է դարձել։

Համաճարակի առաջին օրերից գիտնականը հանդես էր գալիս պատվաստանյութերի ստեղծման օգտին։

«COVID-19-ը չի անհետանա, քանի դեռ չունենք պատվաստանյութ և կոլեկտիվ իմունիտետ»,- Թվիթերում գրել էր գիտնականը։ Եվ երբ օգտատերերից մեկը գրել էր, թե պատվաստանյութերը «վնասում են շատերին», Յիդոնը պատասխանել էր. - «Լավ, դուք կարող եք հրաժարվել, բայց մի խանգարեք դրա տարածմանը չեզոք մարդկանց կամ նրանց մոտ, ովքեր ցանկանում են պատվաստվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG