Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը «3+3» հարթակի նախաձեռնությունը ներկայացրել է G20-ի գագաթնաժողովում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահը Հայաստանին խաղաղություն է առաջարկել, և որ Հարավային Կովկասում մշտական խաղաղություն կարելի է հաստատել՝ գործարկելով «3+3» մեխանիզմը։

Ընդ որում, թուրքական այս նախաձեռնության մասին, որից վերջին շրջանում Հարավային Կովկասում հետպատերազմյան կարգավորման համատեքստում հաճախ է խոսում նաև Մոսկվան, շատ բան հայտնի չէ։ Հայտնի միայն, որ գոնե այս պահին Ռուսաստանի մասնակցության պատճառով նախագծին դեմ է Վրաստանը։

Ռեջեփ Էրդողանը նախօրեին տեղի ունեցած Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, և մասնավորապես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումներին քննարկել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

Տարածաշրջանից Էրդողանը երեկ Հռոմում խոսել է նաև մամուլի ասուլիսին, ընդգծելով, թե մշտական խաղաղությունը Հարավային Կովկասում այն հարցն է, որին Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում։ «Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Հայաստանը կարող են համատեղ քայլ անել և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում: Մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ։ Եթե բոլոր վեց երկրները դրական տրամադրվեն, այդ հարթակը կստեղծվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի», - Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, թե «այս կապակցությամբ Իլհամ Ալիևն արդեն խաղաղություն է առաջարկել Հայաստանին»։

Էրդողանի խոսքով՝ վեց երկրներից Վրաստանը բացական վերաբերմունք ունի Անկարայի նախաձեռնած «3+3» հարթակի գաղափարին։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե տարածաշրջանի չորս երկրներ՝ Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան դրական են վերաբերվում «3+3» հարթակին, իսկ Հայաստանի հետ քննարկումները շարունակվում են։

Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները քննարկել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները:

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ` Սերգեյ Լավրովի ու Մևլյութ Չավուշօղլուի՝ Հռոմում հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպմանը «տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG