Մատչելիության հղումներ

«3+3» ձևաչափը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր լինել. քաղաքագետ


Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, արխիվ

Միրզոյանն ու Լավրովն անդրադարձել են պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին

Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները երեկ կայացած հեռախոսազրույցում քննարկել են նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման ընթացքը ու դրանցով ստանձնած հանձնառությունների իրականացումը` հաշվի առնելով պատերազմի մոտալուտ տարելիցը:

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, մասնավորապես գերիների վերադարձին, ականապատված տարածքների քարտեզների փոխանցմանը:

Պաշտոնական Մոսկվայի փոխանցմամբ՝ արտգործնախարարները «համադրել են մոտեցումները հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ»։

Քննարկել են արդյոք կողմերը տարածաշրջանի մեծ պետությունների առաջարկած «3+3» ձևաչափի հարցը, ո՛չ Երևանը, ո՛չ Մոսկվան չեն մանրամասնում։

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցությունը ենթադրող այս ձևաչափի մասին վերջին շրջանում ակտիվորեն խոսում է և՛ Անկարան, և՛ Մոսկվան։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից «Ազատությանը» չհայտնեցին՝ վերջին ամիսներին արտաքին գործընկերների հետ այս հարցը քննարկել են, թե՝ ոչ։

Ազգային ժողովում «3+3» ձևաչափի շուրջ քննարկումներ դեռևս չեն անցկացվել. պատգամավոր

Ազգային ժողովում այս ձևաչափի շուրջ քննարկումներ մինչ օրս չեն անցկացվել, ասում է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը: Իշխող խմբակցության պատգամավորը, սակայն, չի բացառում, որ հարցը կարող է իրենց օրակարգում հայտնվել:

«Այդ թեմայի շուրջ քննարկում այս պահին չի եղել, բայց չի բացառվում, որ այդ հարցը, և որևէ այլ հարց, որը վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, քննարկվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Պաշտոնական Երևանն այս ձևաչափին դեմ չի արտահայտվել, բայցև շեշտում է՝ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն ամբողջական ու ներառական է և հիմնված է ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա «կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմանի ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմանի ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի կարծիքով՝ տարածաշրջանում խաղաղության և զարգացման վերաբերյալ յուրաքանչյուր հարց քննարկման արժանի է. «Յուրաքանչյուր առաջարկ, որ հնչում է տարբեր երկրների կողմից, մեր գործընկեր, բարեկամ երկրների կողմից նաև, անշուշտ պետք է քննարկման առարկա դառնա, և այդտեղ պետք է հաշվի առնել առաջին հերթին ՀՀ շահերը»:

Հոկտեմբերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «3+3»-ի մասին խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով՝ Հայաստանը պետք է մանրամասներ իմանա՝ ձևաչափի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելու համար։

Երևանն այժմ պետք է փորձի հնարավորինս հետաձգել հարթակի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելը. քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ այս ձևաչափը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր լինել: Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ կգործի մի հարթակ, որտեղ անխուսափելիորեն ղարաբաղյան հիմնախնդիրն է քննարկվելու:

«Հասկանալի է, որ այդ ձևաչափը միայն Արցախի խնդրի համար չէ, որ ստեղծվելու է, բայց ակնհայտ է նաև, որ Արցախի խնդիրն այնտեղ ևս քննարկվելու է, և դրա վտանգը նաև այն է, որ եթե գոնե Մինսկի խմբի հարթակում կան մշակված տարրեր, սկզբունքներ, նկատի ունեմ դեռ նոյեմբերի փաստաթուղթը, որը պարունակում է երեք սկզբունքներ ու հիմնական տարրեր, ապա այս ձևաչափը եթե ստեղծվի, ապա այստեղ քննարկումները սկսվելու են արդեն 2020 թվականի նոյեմբերի 10-ի ստատուս քվոյի համաձայն», - ասաց նա:

Քաղաքագետի համոզմամբ՝ Երևանն այժմ պետք է փորձի հնարավորինս հետաձգել հարթակի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելը, քանի որ հիմա ոչ ասելը շատ բարդ է. «Որովհետև ես հասկանում եմ, որ Ռուսաստանին հիմա ոչ ասելը բարդ է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020-ի նոյեմբերից հետո Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի նկատմամբ էականորեն ավելացել է և հիմա գրեթե անսահմանափակ է»:

Արտգործնախարարությունից հայտնում են՝ Երևանի համար սկզբունքային է, որ այն հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկվել այդ ձևաչափում, որևէ կերպ չհամընկնեն այլ ձևաչափերի մանդատի և քննարկման հարցերի շրջանակի հետ։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հեռախոսազրույցում էլ վերահաստատվել է Հայաստանի՝ ԵԱՀԿ Միսկի խմբի շրջանակում աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։

Ի դեպ, վերջին շրջանում «3+3»-ի մասին հաճախ խոսող Թուրքիայի նախագահը օրերս պնդել էր, թե Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը քննարկում են ունեցել այս ձևաչափի մասին՝ չմանրամասնելով, սակայն, թե երբ, որտեղ ու ինչ ֆորմատով է տեղի ունեցել այդ քննարկումը։ Հայաստանի կառավարությունը չի մեկնաբանում Էրդողանի այս հայտարարությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG