Մատչելիության հղումներ

Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում. Արարատ Միրզոյան


Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով, «Nouvelles d'Arménie» ամսագրի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա շեշտել է, որ չնայած Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունեն, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ կիսում են հայկական կողմի վերոնշյալ դիրքորոշումը:

«Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման դիրքերից», - նշել է Արարատ Միրզոյանը` այս առումով կարևորելով Նյու Նորքում համանախագահների ու Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը:

Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է փխրուն մնալ

Իրավիճակը շարունակում է փխրուն մնալ` չնայած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` դա պայմանավորելով Ադրբեջանի կողմից այդ հայտարարությամբ ստանձնած որոշ հանձնառությունների չկատարմամբ: Մասնավորապես, Միրզոյանը խոսել է Ադրբեջանում ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահվելու, ինչպես նաև իր իսկ ձևակերպմամբ` այդ երկրի «ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանությամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով և ուժի կիրառման նոր սպառնալիքով»:

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ, հավաստիացրել է նախարարը. «Վստահ եմ, որ մյուս երկրների կողմից համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և կառուցողական քայլերի իրականացման պարագայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ վերոնշյալ օրակարգի շուրջ ակտիվ քննարկումներ սկսելու համար»։

Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Լրագրողը հետաքրքրվել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, հարցրել` արդյոք տեսանելի ապագայում կարելի է այս առումով զարգացումների սպասել:

«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում տարածաշրջանում կայունության վրա», - շեշտել է Արարատ Միրզոյանը` հայտնելով նաև, որ այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, իր հրապարակային ելույթներում հնչեցրել է, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։ Անկարան` նախագահի մակարդակով, վերջերս հայտարարել էր, որ ներկայումս Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ կան հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման համար։ Ռեջեփ Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների որոշման ու փոխադարձ ճանաչման հետ։

Ի՞նչ փուլում են հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ ընթացող բանակցությունները

Մեզ համար շարունակում է առաջնային խնդիր մնալ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը, ասել է Արարատ Միրզոյանը` հավելելով, որ պատերազմի ավարտից հետո Հայաստան է վերադարձել 100-ից ավելի գերի:

«Այդուհանդերձ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել իր մոտ պատանդառության մեջ գտնվող բոլոր գերիներին:

ՀՀ-ն հետևողական աշխատանք է տանում մեր հայրենակիցների շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ, ինչպես նաև բոլոր ձևաչափերը և առիթներն օգտագործում է միջազգային ամբիոններում հարցը բարձրաձայնելու և առաջ մղելու ուղղությամբ», - նշել է նա:

Բաքուն հայտարարում է, թե իր տարածքում ռազմագերիներ չկան, ինքը վերադարձել է բոլորին, իսկ մյուսները հանցագործներ են։

XS
SM
MD
LG