Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները ծրագրում են առաջիկա ամիսներին սկսել Զանգելանի վերաբնակեցումը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Զանգելան, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Զանգելան, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները ծրագրում են առաջիկա ամիսներին սկսել Զանգելանի վերաբնակեցումը: Այս մասին հայտարարել էր նախագահ Իլհամ Ալիևը անցած շաբաթ Զանգելան այցի ժամանակ:

Նա նշել էր, որ իրենց վերահսկողության տակ անցած շրջաններից շինարարական առաջին նախագիծը սկսել են Զանգելանի Աղալը գյուղում: Ալիևի խոսքով, ապրիլից այստեղ մեկնարկել է «խելացի գյուղի» կառուցումը, որոշ շենքեր արդեն պատրաստ են և Զանգելանի բնակիչները հաջորդ տարվա սկզբին, գուցե և այս տարեվերջին արդեն կարող են տեղափոխվել նոր բնակավայր: Նախագահ Ալիևի այս հայտարարությունը անակնկալի է բերել Զանգելանի շրջանի Աղալը գյուղի երբեմնի բնակիչներին:

Նրանցից 51-ամյա Ռահիբ Դունյամալիևը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել է, որ մինչև Ալիևի հայտարարությունը գյուղ վերադառնալու հնարավորության մասին պատկերացում չուներ: Բայց օրերս պատկան մարմիններից զանգ է ստացել և տեղեկացել այս ծրագրի մասին: Այնուհանդերձ մարդիկ տարակուսած են, շատ հարցեր դեռ անպատասխան են մնում՝ ո՞վքեր են վերադառնալու գյուղ, ինչպե՞ս են տեղափոխվելու այնտեղ, ինչո՞վ են զբաղվելու:

«Պետք է մեզ էլ հասկանան: Ինչպե՞ս ենք գոյատևելու առանց ապրուստի միջոցի: Այստեղ ինչ-որ կերպ պահում ենք մեր ընտանիքը: Եթե աշխատանք չլինի, ինչպե՞ս ենք այնտեղ ապրելու: Լավ նախաձեռնություն է, բայց ասում են՝ տների դիմաց 1200 քառ. մետր հողատարածք են լինելու, ուրիշ հող չի լինելու: Վար ու ցանք անելու, անասուններ պահելու համար ուրիշ տեղ են հող տրամադրելու: Սրանք բոլորը պայմաններ են: Միանգամից հարմարվել դժվար կլինի: Ավելի լավ կլիներ, եթե այս գործընթացը դանդաղ ընթանար», - ասել է «Ազատության» զրուցակիցը:

Գերայ Հուսեյնովը, որը Աղալըում Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչն է, այժմ ցուցակագրում է առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղից տեղահանվածներին: Նրա խոսքերով, գյուղում 3,4 և 5 սենյականոց տներ են կառուցվում: Տները բաշխվելու են ըստ ընտանիքի անդամների թվի: Ամեն ընտանիք նաև մինչև 1 հեկտար հողատարածք է ստանալու: Հուսեյնովը, սակայն, չի հայտնել վերաբնակեցման բոլոր մանրամասները, կազմակերպչական շատ հարցեր դեռ ընթացքի մեջ են:

Նախատեսվում է, որ առաջին փուլում Զանգելան կտեղափոխվեն տարեց բնակիչները, իսկ դպրոցական երեխաներ ունեցող ընտանիքները ավելի ուշ՝ դպրոցի կառուցումից հետո:

Իշխանությունները Աղալըում 353 տնտեսություն և շուրջ 1500 բնակիչ են հաշվառել։ Խոստանում են, որ այստեղ գյուղատնտեսության զարգացման համար նորարարական տեխնոլոգիաներ են ներդրվելու, տներում արևային էներգիա են օգտագործելու։

90-ականներին Զանգելանից տեղահանված Նուրիշան Հեսենովը հույս ունի, որ վերաբնակեցման ծրագրում հաշվի կառնվի ընտանիքի անդամների թիվը, քանի որ 27 տարի է անցել, երեխաները ամուսնացել են և սեփական ընտանիքները կազմել. - «Բարեկամ ծանոթների հետ քննարկում ենք այդ թեման: Այն ժամանակ երեխաները փոքր էին: Հիմա նրանք մեծացել են, ընտանիք կազմել: Հավանաբար հաշվի կառնեն, որ ընտանիքների անդամների թիվը մեծացել է»:

Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ առաջին փուլում 200 տուն է կառուցվելու, հետագայում նախատեսվում է ավելացնել դրանց թիվը և վերաբնակեցման ծրագրում իշխանությունները հաշվի են առնելու բոլոր հանգամանքները:

Ի դեպ, այսօր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել է Աղալը գյուղ, ծանոթացել տարվող աշխատանքներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանականիշխանությունները պատրաստվում են վերաբնակեցնել նաև Շուշին և այնտեղ ակտիվ շինարարություն են սկսել:

XS
SM
MD
LG