Մատչելիության հղումներ

Վրաստանում Սաակաշվիլիին առաջադրվեց ևս մեկ մեղադրանք՝ պետական սահմանի ապօրինի հատում


Վրաստան - Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսթավիի բանտում, 21-ը հոկտեմբերի, 2021թ․
Վրաստան - Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսթավիի բանտում, 21-ը հոկտեմբերի, 2021թ․

21-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աղմկահարույց ձերբակալությունից շուրջ երեք շաբաթ անց դատախազությունը նրան առաջադրեց ևս մեկ մեղադրանք՝ պետական սահմանի ապօրինի հատում։

Քննիչները ներկայացրել են ութնամյա բացակայությունից հետո հայրենիք վերադարձած նախկին առաջնորդի երթուղու մանրամասները։ Վրաստանի դատախազությունը պնդում է, որ քաղաքական գործիչը Վրաստան է հասել լաստանավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ․ մեղադրանք է առաջադրվել նաև բեռնատարի վարորդին՝ «ծանր հանցագործություն կոծկելու» հոդվածով:

Այսպիսով, Վրաստանը 11 տարի ղեկավարած Սաակաշվիլիին առաջադրված մեղադրանքների թիվը հասավ 5-ի, դրանցից 2-ով նա արդեն հեռակա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ սպանության համար ազատազրկման դատապարտված ոստիկանության նախկին աշխատակիցներին համաներում շնորհելու, ինչպես նաև նախին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության փակման գործերով, ինչպես նաև պետբյուջեի միջոցների վատնման քրեական գործերով դատավճիռներ դեռ չեն կայացվել։

Չնայած այս ծանր մեղադրանքներին՝ ինքը Սաակաշվիլին իրեն համարում է քաղաքական բանտարկալ, քրեական գործերն էլ՝ շինծու, ի նշան բողոքի ձերբակալվելուն պես հայտարարելով հացադուլ։

Բժիշկների գնահատմամբ՝ երեք շաբաթ շարունակվող հացադուլի հետևանքով նախկին նախագահի առողջական վիճակն օր-օրի վատթարանում է, նա տեղաշարժվում և խոսում է դժվարությամբ, 20 օրում կորցրել է 14 կիլոգրամ։

Օրեր շարունակ կտրականապես հրաժարվելով բժշկական միջամտությունից՝ Սաակաշվիլին երեկ, այդուհանդերձ, համաձայնել է հոսպիտալացվել, ինչպես փաստաբանի միջոցով փոխանցել է կալանավայրից՝ «բացառապես հանուն Վրաստանի»․ - «Ես ուզում եմ պահպանել ողջամտությունս և աշխատելու ունակությունս մինչև վերջ, ուստի համաձայն եմ բժիշկների միջամտությանը, ովքեր կօգնեն ինձ սթափ մնալ և, թեև սահմանափակումներով, բայց մասնակցություն ունենալ ընթացիկ իրադարձություններին, որպեսզի կարողանամ օգնել Վրաստանին»։

Նա, սակայն, նույնիսկ անձամբ Պատրիարքի հնչեցրած հորդորներից հետո, սնունդ ընդունել մտադիր չէ։

Սաակաշվիլին տևական բացակայությունից հետո հայրենիք է վերադարձել երկրի համար վճռորոշ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին։ Չնայած այդ զոհաբերությանը՝ նրա ղեկավարած ընդդիմադիր ուժին չի հաջողվել առավելության հասնել իշխող «Վրացական երազանք»-ի նկատմամբ։ Մինչդեռ ընդդիմությունը, շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում չստանալով մեծամասնություն, կասկածի տակ դրեց քվեարկության արդյունքները՝ պնդելով, թե իշխանությունը կեղծել է դրանք։

Ամիսներ տևած Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը ինչ-որ կերպ հաջողվել է հարթել Թբիլիսիի միջազգային գործընկերների օգնությամբ, և ՏԻՄ ընտրությունների արդյունքներն էլ պետք է արտացոլեին կա՛մ ընդդիմության պնդումները, կա՛մ այն, որ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած ուժն ունի համատարած աջակցություն։ Այս հարցի պատասխանը թերևս կհնչի հոկտեմբերի 30-ին՝ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի ավարտին։

Մինչ այդ, Վրաստանի փորձագիտական շրջանակներում նկատում են, որ նույնիսկ գտնվելով կալանավայրում՝ Սաակաշվիլին արդեն լուրջ գլխացավանք է իշխանությունների համար։ Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի ներկայացուցիչ Թոռնիկե Շարաշենիձեի համոզմամբ՝ իր հացադուլով և սկզբունքային դիրքորոշմամբ երկրի երրորդ նախագահը կարողացել է մոբիլիզացնել իր աջակիցներին, և եթե շարունակի նույն կերպ, ապա հակակառավարական ուժերի կոնսոլիդացիան անխուսափելի կլինի։

«Եթե նա լավ դիմանա, այսպես ասենք՝ վերածնվելու հնարավորություն ունի։ Փաստ է, որ նա աջակիցների բանակ ունի, որն առանձնանում է ֆանատիկ հավատարմությամբ։ Նա և նրա առաջնորդած ուժը հավաքում են առնվազն 25 տոկոս ձայն, և սա առաջին հերթին, իհարկե, նրա անհատականության, վարկանիշի շնորհիվ է։ Այնպես որ, նման քաղաքական գործչին, իհարկե, վաղ է ցանկից հանել», - ընդգծել է Շարաշենիձեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG