Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2066-ով՝ հասնելով 286 հազար 303-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 704-ով և հասել 256 հազար 525-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 15 հազար 65 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 925 հազար 266-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 870-ի, ևս 1238 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 22 հազար 670 մարդ։
Արցախում՝ 35 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 211 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել, այդ թվում՝ երեխաներ: Վարակակիրներից 28-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 95 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 հազար 896 քաղաքացու հետազոտություն, որից 1435-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։