Մատչելիության հղումներ

Պատվաստման կեղծ սերտիֆիկատներ տրամադրած պոլիկլինիկայի տնօրենը պնդում է, որ «դրսից է իմացել» այդ մասին


Գյումրիի «Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկայի տնօրեն Արտուշ Ասատրյան
Գյումրիի «Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկայի տնօրեն Արտուշ Ասատրյան

Գյումրիի «Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկայի 10 տարվա տնօրեն Արտուշ Ասատրյանը դեռևս սեպտեմբերի վերջին տարածվող խոսակցություններից հասկացել է, որ իր ղեկավարած բուժհաստատությունում երկար տարիներ աշխատած բուժքույրը քաղաքացիներին առանց պատվաստելու կեղծ սերտիֆիկատներ է տվել։

«Սեպտեմբերի վերջից կնոջիցս իմացել եմ, որ մեր պոլիկլինիկայում նման բան է տեղի ունեցել, ինչը բնականաբար, ինձ խիստ է զայրացրել», - ասում է նա։

Փաստեր, սակայն, չի ունեցել, և որոշել է ներքին հետաքննություն անցկացնել, ինչից հետո պատրաստվում էր դիմել իրավապահներին։

Իր կողմից կասկածվող աշխատակցին մինչ այդ արդեն ազատել էր աշխատանքից. - «Ոնց ասում են, աչքի տակ ինչ-որ մարդիկ ինչ են արել, ու ես դրանից տեղյակ չեմ եղել։ Դրանից մեծ ցավ ինձ չէր կարող լինել, որ դրսից եմ իմացել, ու երկրորդ օրն անցել եմ մարտական գործողությունների, ու դա բոլորը գիտեն»։

Իրավապահները երկու օր առաջ են եղել պոլիկլինիկայում, երեկ արդեն տարածեցին հայտարարություն, որ մի խումբ բուժաշխատակիցներ ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել, սակայն կազմել են ամբողջական պատվաստված լինելը հավաստող փաստաթղթեր և մուտքագրել էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգ: Ըստ իրավապահների՝ աշխատակիցները յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5-10 հազարական դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:

Բուժհաստատության տնօրենի խոսքով, բուժքույրերից մեկը աշխատել է շրջիկ կայաններում, իսկ մյուսը՝ հենց պոլիկլինիկայում. - «Եկան և մեր աշխատակիցներից 6-7 հոգու ներգրավել են այդ գործի մեջ։ 3-ին երեկ բաց են թողել, բայց 3-ը դեռևս մնում են, քննությունը դեռ չի ավարտվել», - նշեց պոլիկլինիկայի տնօրենը։

Ի դեպ, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների՝ պոլիկլինիկայում ստուգումներ իրակացնելուց ընդամենը մեկ օր առաջ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ բուժհաստատություններում պատվաստման կեղծ սերտիֆիկատներ տալու վերաբերյալ տվյալներ չունեն։

Կառավարության նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցներին հորդորել էր պատասխանատվության ենթարկել պատվաստման կեղծ փաստաթղթեր հատկացնողներին։

Պատվաստման գործընթացում բուժաշխատողների արած չարաշահումների բացահայտման մասին ԱԱԾ-ն այս օրերին պարբերաբար հայտարարություններ է տարածում։ Հայտնել է նաև Երևանի տարբեր բուժհաստատություններում չարաշահումների մասին: Թե մասնավորապես որտեղ, անուններ չի հայտնում։

Ընդհանուր առմամբ այս դեպքերով քանի՞ քրեական գործ է հարուցվել, քանի՞ ձերբակալված կա, քանիսի՞ն է մեղադրանք առաջադրվել, արդյո՞ք տվյալ քաղաքացիներին հայտնաբերել են։ Այս մասին ԱԱԾ-ից առայժմ չեն հայտնում՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել։

Հայաստանում պատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվում են ԱՐՄԵԴ համակարգում, քաղաքացին ստանում է QR կոդ, որը սկանավորելիս բացվում է պատվաստման սերտիֆիկատը։ Եթե ապացուցվի, որ պատվաստումը կեղծվել է, ապա տրված QR կոդերը այլևս չեն աշխատի։ Իսկ եթե կեղծիքը կատարվել է ոչ թե բուժհաստատությունում, այլ քաղաքացին ինքն է կեղծ հավաստագիր պատրաստել, այդ դեպքում համակարգն անմիջապես կբացահայտի դա, վստահեցնում է ԱՐՄԵԴ համակարգի տնօրեն Ավետ Մանուկյանը. - «ԱՐՄԵԴ-ը կարող է օգնել, եթե ինչ-որ մեկը կեղծել է սերտիֆիկատը ֆոտոշափով։ QR կոդի միջոցով ԱՐՄԵԴ-ը կապացուցի, որ էդպիսի բան երբևիցե չի թողարկվել։ Մոբայր ափլիքեյշնում էդ քաղաքացին QR կոդ չի ունենա հաստատ»։

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Առողջապահության նախարարի որոշումը, ըստ որի աշխատող քաղաքացին պետք է 14 օրը մեկ գործատուին կա՛մ պատվաստման հավաստագիրը ներկայացնի, կա՛մ քովիդ թեստի բացասական արդյունքը։

Երևանի պոլիկլինիկաներում այսօր պատվաստվելու համար հերթեր էին գոյացել։ Քաղաքացիները մեզ հետ զրույցում նշում էին՝ միայն 2-3 ժամ հերթ են կանգնել։

Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի վարակաբանի խոսքով, վերջին մի քանի օրերի ընթացքում պատվաստվողների թիվն ակնհայտորեն աճել է։ Օրինակ, այսօր առավոտից երեք ժամվա ընթացքում արդեն 100 հոգի էին պատվաստվել. - «Օրվա ընթացքում նկատվում է բավականի աճ պատվաստումների, երևի կապված է վերջնաժամկետի հետ»։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, մինչև օրս Հայաստանում կատարվել է 549541 պատվաստում։

XS
SM
MD
LG