Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին


Իրանական բեռնատարներ Գորիս-Կապան ավտոճանապարհին, հոկտեմբեր, 2021թ․
Իրանական բեռնատարներ Գորիս-Կապան ավտոճանապարհին, հոկտեմբեր, 2021թ․

Ադրբեջանը ազատ է արձակել մոտ մեկ ամիս առաջ ձերբակալված իրանցի վարորդներին, հայտնում է Bloomberg գործակալությունը։ Իրանական բեռնատարների երկու վարորդները ձերբակալվել էին Գորիս-Կապան ավտոմայրուղու` Բաքվի վերահսկողության տակ անցած հատվածում ադրբեջանցի ուժայինների կողմից` Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու մեղադրանքով։

Նրանց ազատ արձակումը հաջորդում է Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցին։ Այդ զրույցի ընթացքում, ըստ պաշտոնական Թեհրանի, կողմերը քննարկել են Իրանից Հայաստան ձգվող ճանապարհի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում ի հայտ եկած խնդիրներին։ Ադրբեջանական կողմը 21 կիլոմետրանոց այդ ճանապարհահատվածով անցնող իրանական բեռնատարների վարորդներից մաքսատուրքեր է պահանջում։

Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, թե Թեհրանը սպասում է այդ ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների հարցի լուծմանը. «Մենք չպետք է թույլ տանք, որ մեր միջև թյուրըմբռնումներ լինեն, անհրաժեշտ է հարաբերությունները տանել ամրապնդելու և ընդարձակելու ճանապարհով»:

Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Աբդոլահիանը նաև ընդգծել է` Թեհրանն ակնկալում է, որ «տարանցիկ բեռնատարների հարցը կլուծվի»։ Նա ադրբեջանցի պաշտոնակցին հիշեցրել է, որ Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն և չպետք է հնարավորություն տան, որ այդ թշնամիները փչացնեն երկկողմ հարաբերությունները։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հավաստիացրել է, թե Բաքվի համար գերակայություն է Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների պահպանումը՝ ընդգծելով առկա տարաձայնություններն անկեղծ միջավայրում՝ երկխոսության միջոցով կարգավորումը։ Բայրամովն առաջարկել է, որ երկու երկրների մաքսավորները հանդիպեն և քննարկեն բեռնատարների տարանցման հարցը, թեև անցած օրերին Ադրբeջանի իշխանությունները հայտարարել էին, թե մտադիր չեն վերանայել մաքսատուրքերն ու նոր կանոնները։

Ո՛չ ադրբեջանական, ո՛չ իրանական կողմը պաշտոնական հաղորդագրություներում չի անդրադառնում երկու երկրների միջև լարվածություն հարուցած մյուս հարցին՝ Ադրբեջանի տարածքում Իրանին սպառնացող երրորդ երկրի ներկայության մասին Թեհրանի պնդումներին։ Տևական ժամանակ է` Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, թե ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր են տեղակայված։

Բաքվի ամենօրյա դարձած հերքումները չեն բավարարում Թեհրանին։ Իրանի զինված ուժերը վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ լայնածավալ զորավարժությունն են անցկացնում, ընդ որում չթաքցնելով՝ երկրի բանակը հենց այդ` «սիոնիստական վարչակազմի ու ծայրահեղական խմբավորումների ներթափանցումը տարածաշրջանում կանխելու» նպատակով է Ադրբեջանի սահմանին վարժանքներ կազմակերպել, ինչպես հայտարարել էր Իսլամական Հանրապետության արտգործնախարարը:

Ալիևի պնդմամբ՝ Թեհրան-Բաքու լարվածության իրական պատճառը Գորիս-Կապան ճանապարհի հետ է կապված

Ադրբեջանի նախագահը շարունակում է հակադարձել՝ Իրանի հետ սահմանին երրորդ երկրների ներկայության մասին մեղադրանքները մտացածին են․ կարող են գալ և անձամբ համոզվել, որ այնտեղ անգամ մարդկային շունչ չկա: Հայտարարել է Իլհամ Ալիևը La Repubblica իտալական թերթի հետ զրույցում։

«Ինչպես հասկանում եմ, նրանք այնքան էլ ուրախ չեն, որ դուք մոտ եք Իսրայելի հետ, ճի՞շտ է», - լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Ադրբեջանի առաջնորդն ասել է․ - «Գիտե՞ք, դա պատրվակ է։ Այն, ինչ տեղի է ունենում, ինչ-որ այլ երկրի հետ Ադրբեջանի հարաբերությունների պատճառով չէ, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը շատ բաց է, թափանցիկ, կայուն և ինչպես ես արդեն ասել եմ՝ անկախ։ Որևէ այլ երկիր չի կարող ազդել Ադրբեջանի որոշումների վրա և չպետք է փորձի»:

«Ով փորձում էր օգտագործել արհեստական պատրվակ և մեղադրել Ադրբեջանին որոշ այլ երկրների հետ հարաբերությունների համար, ձախողեց: Սա ճիշտ ուղի չէ, որը կտանի փակուղի», - ասել է Ալիևը` հավելելով, թե հարևան Իրանի հետ լարվածության իրական պատճառը Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքով երթևեկող իրանական բեռնատարների հետ է կապված։ Նրա պնդմամբ՝ տվյալ հատվածն Ադրբեջանին անցնելուց հետո Իրանի նոր վարչակազմն անտեսել է այդ ճանապարհով դեպի Ղարաբաղ «բեռների ապօրինի փոխադրումները» դադարեցնելու Բաքվի հորդորները։ Ըստ Ալիևի` ընդհակառակը՝ այդ բեռնափոխադրումներն էլ ավելացան։

«Իրանից դեպի Ղարաբաղ մեկնող բեռնատար մեքենաների թիվն ավելացավ, և մենք դա գնահատեցինք որպես գրոհ, միտումնավոր անհարգալից վերաբերմունք: Այսպիսով, մենք ձեռնարկեցինք այլ միջոցներ, որոնք միանգամայն օրինական են, ինչը, սակայն, մեծ իրարանցում և անհարկի շարժումներ հարուցեց հարևան երկրում՝ անընդունելի հայտարարություններ, սպառնալիքներ, ռազմական վարժանքներ մեր սահմանին»։

Բացարձակ անհեթեթություն որակելով Իրանի մեղադրանքները` Ալիևը պնդել է, թե այդ ամենի նպատակը Ադրբեջանին սևացնելն է. «Մենք մերժում ենք Ադրբեջանի հասցեին բոլոր մեղադրանքները, թե Իսրայելին բերում է ազատագրված տարածքներ: Դա բացարձակ անհեթեթություն է: Դա ընդամենը պատրվակ է՝ ուղղված ներքին լսարանին, Ադրբեջանին սևացնելու նպատակով: Բոլորը կարող են գնալ և տեսնել, որ այնտեղ կյանք չկա: Ամեն ինչ քանդված է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG