Մատչելիության հղումներ

«Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան»․ Իրանի գլխավոր դատախազն՝ Արթուր Դավթյանին


Նախորդ տարի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ, այսօր Իրանի գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազը։

Արթուր Դավթյանը շեշտել է՝ դրանք հատկապես իրավական գործընթացներում իրենց լուծումները արագ գտնելու անհրաժեշտություն ունեն։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, բազմիցս հայտարարել են, որ տվյալներ ունեն Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրման մասին, որոնց Անկարան ուղարկել է Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։

Պատերազմի օրերին ձերբակալված Սիրիայի քաղաքացիները, որ մեղադրվում էին նաև վարձկանության հոդվածներով, Հայաստանում դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Երևանը նաև տվյալներ ունի մի շարք այլ վարձկանների մասնակցության մասին, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարել։

«Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել»

Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի և կան դրա նախապայմանները, իր հերթին այսօր ասել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին շեշտելով՝ Հայաստանը և Իրանը հաստատել են, որ «ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն»:

«Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ, և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշումն ընկալեն: Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ մինչ այդ հարևան երկրները իրենք ձեռնամուխ կլինին հարցի լուծմանը»,- եզրափակել է Իրանի գլխավոր դատախազը:

Վերջին օրերին պաշտոնական Բաքուն և Թեհրանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, ապա նաև երկրի արտգործնախարարը հայտարարում են, թե չեն հանդուրժի սիոնիստների և ահաբեկիչների ներկայությունն իրենց սահմանների անմիջական հարևանությամբ: Օրերս էլ Իրանցի գեներալ Ալի Գուդարզին հայտարարեց, թե «իսրայելցիները ներկա են իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով»։ Ադրբեջանը հերքեց մեղադրանքները։

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին եռօրյա աշխատանքային այցով երեկ է ժամանել Հայաստան՝ Արթուր Դավթյանի հրավերով։

XS
SM
MD
LG