Մատչելիության հղումներ

Գյումրիում, Վանաձորում, Վայքում ու Ջերմուկում կարճ ժամկետով համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել


Վանաձոր քաղաք, արխիվ
Վանաձոր քաղաք, արխիվ

Գյումրիում, Վանաձորում, Վայքում ու Ջերմուկում համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել կարճ ժամկետով։ Վարչապետի որոշումն է։ Այս համայնքներում լրացել են գործող ղեկավարների և ավագանու լիազորությունների ժամկետները և առաջիկայում համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու։ Մինչ այդ համայնքներն ավագանի չեն ունենա, որոշումներ չեն կայացվի։

Այսօր երեք մարզերի ղեկավարները համայնքապետարանների աշխատակազմերին են ներկայացրել վարչապետի նշանակած պաշտոնակատարներին։ Գյումրիում նշանակվել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։ Նա այսօր աշխատակազմի մի քանի անդամների ու լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ երկու օր առաջ է մարզպետից ստացել համայնքի ղեկավարի պաշտոնը կարճ ժամանակով ստանձնելու առաջարկը։ Համաձայնել է։ Այսօր էլ իր արդեն նախկին աշխատանքից ազատվելու դիմում է գրել ու անցել նոր պարտականությունների կատարմանը։

«Աշխատելու ենք կարճ ժամանակահատվածում շարունակել քաղաքապետարանի բնականոն գործունեությունը», - նշեց նա:

Եթե Գյումրիում նորանշանակ պաշտոնակատարը փոքրաթիվ աշխատակիցների ներկայացվեց, ապա Վանաձորում ավելի ընդլայնված հանդիպում էր։ Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանն իր կուսակցին ներկայացնելիս աշխատակազմին կոչ արեց «թև ու թիկունք լինել նրան» այս կարճ ժամանակում։ Վանիկ Օհանյանը Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրենն էր, իսկ 44-օրյա պատերազմից հետո ընդամենը մի քանի ամսով «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավոր դարձավ։ Մարզպետն այսօր շեշտեց, որ Վանիկ Օհանյանը առաջիկա ընտրություններում կուսակցության թեկնածուն չի լինի։

«Հնարավորություն է տրվում բոլոր մասնակիցներին, որ մասնակցեն և պայքարեն», - ասաց նա:

Աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանն էլ հորդորեց համայնքային ծառայողի պարտականությունները կատարելիս լինել ավելի պատրաստակամ ու աչալուրջ։ Նախընտրական ընթացքն ու քաղաքական վայրիվերումները չպետք է որևէ ազդեցություն ունենան ձեր աշխատանքի վրա, ասաց նա։ Իսկ նորանշանակ պաշտոնակատարը աշխատակիցներին ուղղված խոսքում համախմբման կոչ արեց. «Ինչպես իմ գործունեության ողջ ընթացքում, այսօր ևս ձեզ համախմբման կոչ արեց` վստահ լինելով, որ միայն այսպես կկարողանանք լուծել բոլոր խնդիրները, և այդ ճանապարհին ես էլ ձեզ հետ, իմ թիմն էլ ձեզ հետ անվերապահորեն հավատում ենք մեր երազանքներին և գալիքին»:

Ավելի ուշ «Ազատությանն» ասաց՝ իր անելիքն այս կարճ ժամանակահատվածում պետք է համայնքապետարանի անցնցում աշխատանքն ապահովելը լինի. «Համայնքապետարանի բնականոն գործունեությունը չխաթարելը, իսկ որոշակի լիազորությունների շրջանակում կգործենք այսքանը»:

Այսօր ոչ Գյումրիում, ոչ էլ Վանաձորում արդեն պաշտոնաթող համայնքապետերը չէին մասնակցում աշխատակազմի հետ հանդիպմանը։ Գյումրիի դեպքում նախկին համայնքապետ Սամվել Բալասանյանն արդեն երկու ամիս արտերկրում է, հայտարարել է, որ բուժման նպատակով է մեկնել։ Իսկ Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը դեռ հանդիպումից առաջ «Ազատությանն» ասաց գործերով Երևան է մեկնում։ Նա դեռ օրեր առաջ ասել էր, որ մինչև ընտրություններ պաշտոնակատար նշանակելը հակասում է օրենքի պահանջներին։ Այսօր ասաց` դեռ չի որոշել՝ կբողոքարկի՞ վարչապետի որոշումը, թե՞ ոչ. «Կորոշեմ, կտեսնեմ` ինչքան էներգիա, ռեսուրս, ժամանակ է պետք այդ գործողությունների համար, նոր կորոշեմ` ինչպես առաջնորդվել:

Կհասկանանք` այդ բողոքարկումն ինչ կտա, ինչ չի տա: Ես դեռ գործող քաղաքապետ էի մինչև այսօր առավոտը, տենց շատ հաճելի պրոցես չի, որ ասեմ կբողքարկենք, ամեն դեպքում ծանրութեթև կանենք, կորոշենք»:

Նշանակումներն անելիս վարչապետն առաջնորդվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածով, ըստ որի` համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում պաշտոնակատարներն են ղեկավարում համայնքը մինչև նոր ընտրություններ։ Վարչապետի որոշմամբ մինչև դեկտեմբերի 5-ի ընտրություններ համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել նաև Վայոց Ձորի մարզի Վայք և Ջերմուկ քաղաքներում։ Այսօր մամուլը գրել էր, որ Ջերմուկում պաշտոնակատար նշանակված Վահագն Արսենյանը հանրապետական նախկին պատգամավոր, «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է։

XS
SM
MD
LG