Մատչելիության հղումներ

Վարչապետը Վանաձորում քաղաքապետի պաշտոնակատար կնշանակի. Ասլանյանն անօրինական է դա համարում


Մի քանի օրից կլրանա Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի լիազորությունների ժամկետը, և վարչապետը պաշտոնակատար կնշանակի: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը` հավելելով, որ այժմ քննարկում են պաշտոնակատարի թեկնածուի հարցը, թե ով ժամանակավորապես՝ մինչև դեկտեմբերի 5-ը տեղի ունենալիք ընտրություններ, կղեկավարի համայնքը։

Մամիկոն Ասլանյանը մինչդեռ պաշտոնակատար նշանակելու կառավարության նախաձեռնությունն անօրինական է համարում։ ՏԻՄ օրենքի իր մեկնաբանությամբ, համամասնական ընտրակարգով ընտրված համայնքապետի լիազորությունները դադարում են հաջորդ համայնքապետի ընտրությունից հետո միայն։ Մասնագիտությամբ իրավաբան համայնքապետը շեշտում է, որ ինքը նաև ավագանու անդամ է, և իրեն ավագանին է ընտրել համայնքի ղեկավար։

«Մեր տիպի քաղաքներին, որտեղ համամասնական է ընտրակարգը, եթե ԺՊ (ժամանակավոր պաշտոնակատար- խմբ.) դնեն, ավագանու լիազորությունն էլ դադարեցնեն, քաղաքը կոլապսի կմատնվի, այսինքն` էդ քաղաքապետը ի՞նչ պիտի անի: Նշանակված մարդը որևէ լիազորություն չունի, որ ինքը կարողանա քաղաքը կառավարի կամ որոշում ընդունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա` շարունակելով. «Հիմա տեսենք` իրավական առումով հիմնավորումները ինչ է»:

Կառավարության որոշմամբ խոշորացված համայնքների մեծամասնությունում, այդ թվում` մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին։ Վանաձորը ևս խոշորացվել է, նրան են միացել հարակից Գուգարք, Դարպաս և Շահումյան գյուղերը։ 2016-ին Հանրապետական կուսակցության ցուցակով համայնքապետ դարձած Մամիկոն Ասլանյանը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին, բայց չէր հայտնել, թե այս անգամ որ կուսակցության կամ դաշինքի հետ կմասնակցի։ 2018-ի հեղափոխությունից հետո նա մշտապես ասել է, որ չի դադարեցրել անդամակցությունը Հանրապետական կուսակցությանը, բայց միաժամանակ նշել է, թե քաղաքականությամբ չի զբաղվում, անգամ անցած 3 տարիներին տեղի ունեցած երկու համապետական ընտրություններին գոնե բացահայտ չի հայտարարել քաղաքական ուժերից որևէ մեկին սատարելու մասին։

Մամիկոն Ասլանյանն այսօր էլ «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ ինքը Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը կլինի, բայց ասաց՝ դեռևս հայտնի չէ՝ որ քաղաքական ուժի ցուցակը կգլխավորի։ Թե ինչու ամիսներ շարունակ այդպես էլ չի հստակեցվում, թե որ քաղաքական ուժն է պատրաստ սատարելու համայնքի գործող ղեկավարին, Մամիկոն Ասլանյանն ասաց. «Բազմիցս արտահայտվել եմ դեռ 2016 թվականին, որ ես քաղաքական պրոցեսների մեջ եմ միայն Վանաձորին ծառայելու համար, հետևաբար այդ ֆորմատը, դեռևս մի քիչ ժամանակ կա, կորոշենք, թե ինչ կարգով մասնակցել ընտրություններին, որ վանաձորցու համար լինի ընկալելի:

Շատ կուսակցություններ կան, չեմ կարծում, որ այսօր կուսակցությունների դեֆիցիտ կա մեր քաղաքական դաշտում, ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ ինձ նաև ընկալելի ու տեսանելի ֆորմատ լինի, որ ես կարողանամ մասնակցել: Այստեղ խնդիրը նա է, որ ես ուր էլ գնամ, ինչ ֆորմատով էլ մասնակցեմ, իմ աշխատանքային, ընկերական, գործընկերային թիմով եմ մասնակցում, հետևաբար թե ինչ շապիկ կունենանք մեր հագին, դա, ըստ էության, մեր աշխատանքի, մեր պատկերացումների մեջ, մեր ներսում որևէ բան չի փոխելու»:

Հարցին` հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ի ցուցակով մասնակցի ընտրություններին, Վանաձորի գործող քաղաքապետը պատասխանեց. «Որևէ մեկի հետ հստակ պայմանավորվածություն չունեմ, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի»:

Հայտնի է, որ ընտրություններին մասնակցելու համար «Նոր Վանաձոր» անունով կուսակցություն է հիմնում նաև Մամիկոն Ասլանյանի գլխավոր խորհրդական ու նաև ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Արտյոմ Գրիգորյանը։ Համայնքի ղեկավար Ասլանյանն ասաց՝ տեղյակ է նոր ձևավորվող կուսակցության և իր ենթակայի իրեն մրցակից դառնալու մտադրության մասին: Քաղաքապետը շեշտեց՝ ինքն այդ կուսակցության հետ կապ չունի։

XS
SM
MD
LG