Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 5-ին 38 խոշորացված համայնքներում ընտրություններ տեղի կունենան, մեծամասամբ` համամասնական կարգով


Կառավարությունը որոշում է կայացրել. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 38 խոշորացված համայնքներում ընտրություններ տեղի կունենան, որոնցից 36-ում` կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքներում՝ նախկինի նման մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի անցնում 4000-ից։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանը շեշտեց` համայնքներում համամասնական ընտրությունների անցկացումն իրենց նախընտրական խոստումներից մեկն է։ Ըստ երկրի ղեկավարի` սա ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին համայնքի կառավարմանը մասնակից դարձնելու միջոց է։

«Քաղաքական այս գործընթացը ժողովրդավարական շատ կարևոր գործընթաց է, և հետևաբար նաև կարծում ենք` ընտրողների ազդեցությունը գործընթացների վրա շատ էական է դառնում, որովհետև պարտված թեկնածուների ընտրողներն, ըստ էության, իրենց ձայնը չէին ունենում քաղաքի, համայնքի կառավարման գործում: Հիմա նրանք այդ ձայնը ունեն: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեղական ինքնակառավարման համակարգում առկա մի շարք պրոբլեմներ վերանում են, երբ որ համայնքներում տեղի է ունենում գիտակցված ընտրություն», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Երկու շաբաթ առաջ ԱԺ-ում համայնքների խոշորացման նախագիծը քննարկելիս իշխանական կուսակցության ներկայացուցիչները հիմնավորում էին, որ ոչ թե նախկինի նման անհատների ընտրությամբ, այլ քաղաքական ուժերի մասնակցությամբ ընտրությունների դեպքում կառավարումը համայնքներում ավելի արդյունավետ կդառնա։

«Տարիներ շարունակ լինելով անկուսակցական համայնքի ղեկավարներ, որևէ պատասխանատվություն չկրելով` կարողանում էին ընդամենը ազգ-բարեկամի միջոցով կառավարել այդ համայնքը, և որևէ կերպ հնարավոր չէր լինում փոփոխություն բերել համայնքի կառավարման ընթացքի մեջ, և այս համամասնական ընտրակարգն այլևս թույլ չի տալու որևէ մեկին պատասխանատվությունից խուսափել», - խորհրդարանում ասել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Ընդդիմադիր «Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանը մտահոգություն էր հայտնել, թե համայնքների խոշորացումն ու համամասնական ընտրակարգի անցնելը շուտափույթ է տեղի ունեցել, քաղաքական ուժերն ընտրություններին պատրաստվելու ժամանակ չունեն։

«Կուսակցությունները պետք է կարողանան պատրաստ լինել այդ ընտրություններին, ի վերջո արմատապես փոխվում է Ընտրական օրենսգիրքը, փոխվում է համայնքների կառուցվածքը: Սա ևս մի քայլ է` ամրապնդելու իշխանության քաղաքական մոնոպոլիան, այն քաղաքական մոնոպոլիան, որի գործող իշխանության ղեկավարը ընդդիմադիր տարիներին մեղադրում էր նախկին իշխանություններին` երկրում քաղաքական մոնոպոլիա հաստատելու մեջ», - նշել էր Հարությունյանը:

Մինչդեռ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հակադարձել էր՝ այսօր քաղաքական ուժերի համար ընտրությունների գնալու ամենահարմար ժամանակն է. «Հայաստանում երևի ամենաշատը հիմա են կուսակցությունները պատրաստ ընտրության, որովհետև վերջերս տեղի է ունեցել ընտրություն, կուսակցությունները բավականին թարմ դեռ հետընտրական պրոցեսի մեջ են, կարծես բոլորը մարզերում, համայնքներում թիմակիցներ ունեն»:

Լոռու մարզի Թումանյան համայնքը դեռ 2016-ին էր խոշորացվել, բայց ընտրողների թիվը չէր անցնում 4000-ից: Այս տարի Ազգային ժողովի որոշմամբ համայնքի միացավ ևս 3 հարակից գյուղ, ուստի դեկտեմբերի 5-ին համամասնական ընրակարգով ընտրություններ անցկացնելու մասին կառավարության որոշումը նաև Թումանյանին վերաբերեց: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Մխիթարյանն օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, թե համամասնական ընտրակարգը լավ բան է, միաժամանակ շեշտել` գյուղական բնակավայրերում դեռ մարդիկ ընտրում են իրենց հարազատին, բարեկամին կամ մերձավորին, քիչ դեր ունի թեկնածուի կենսագրությունը, առավել ևս կուսակցության նախընտրական ծրագիրը:

«Ամեն դեպքում ես մտածում եմ, որ փոքր գյուղերում ավելի շատ ոչ թե կուսակցությամբ ընտրություն կկատարվի, այլ թեկնածուով, անհատով և ավագանու անդամներով, որովհետև մեզ մոտ դեռ անհատի ֆակտորը շատ ավելի կա», - նշել էր նա:

Ավելի վաղ կայացված որոշմամբ հոկտեմբերի 17-ին կուսակցական ցուցակներով ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Գյումրի, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան համայնքներում և նախկինի պես՝ մեծամասնականով ընտրություններ կանցկացվեն Շամիրամ, Ֆերիկ և Ֆեոլետովո գյուղերում։ Նոյեմբերի 14-ին էլ քվեարկություն կլինի Իջևան, Ստեփանավան, Կապան, Արզնի և Լերմոնտովո համայնքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG