Մատչելիության հղումներ

Այսօրվանից դադարեցված են Վանաձորի համայնքի ղեկավարի ու ավագանու լիազորությունները. Լոռու մարզպետ


«Այսօրվանից դադարեցված են Վանաձորի համայնքի ղեկավարի ու ավագանու լիազորությունները և, հավանաբար, վաղը վարչապետը կնշանակի նոր պաշտոնակատար», - պնդում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

«Ազատության» տեղեկություններով, մինչև դեկտեմբերի 5-ը կայանալիք ընտրությունները Վանաձորը ժամանակավորապես կղեկավարի նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Վանիկ Օհանյանը։

Արամ Խաչատրյան
Արամ Խաչատրյան

Լոռու մարզպետը ո'չ հերքեց, ո'չ էլ հաստատեց այս տեղեկությունը, բայց ասաց՝ անձը, որ երկու ամսով կղեկավարի Վանաձորը, ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուն չի լինի։ Մարզի ղեկավարի մեկնաբանությամբ, համայնքը երկու ամիս նաև ավագանի չի ունենա։

«Ազատության» հարցին, թե արդյոք այս դեպքում հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքում ճգնաժամային իրավիճակ չի ստեղծվի, մարզպետ Խաչատրյանը պատասխանեց. - «Դրա օրինակները ունենք Ստեփանավան համայնքում, Թումանյան համայնքում, որ էս արդեն քանի ամիս է, ավագանիներ չկան, բայց համայնքապետարանը աշխատում է։ Հիմա Վանաձորում էլ նույնպես մեկ-մեկուկես ամիս ժամանակ է, որևիցե խնդիր չեմ տեսնում ստեղ։ Մենք նախադեպը ունենք»։

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին Լոռու մարզպետի հայտարարությունն իրավական վեճ է առաջացրել։

Դեռ շաբաթ օրը այս հայտարարությանը հակադարձել էր նաև գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Նա որպես իրավաբան հղում էր արել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 69 և 75 հոդվածներին, որտեղ ասվում է, որ համայնքի ղեկավարն ու ավագանին շարունակում են իրենց լիազորությունների կատարումը մինչև հաջորդ ավագանու ձևավորումը, որն էլ իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար. - «Մեր տիպի քաղաքներին, որտեղ համամասնական ա ընտրակարգը էղել, եթե ժամանակավոր պաշտոնակատար դնեն, ավագանու լիազորությունն էլ դադարեցնեն, քաղաքը կոլապսի կմատնվի... Էդ քաղաքապետը ի՞նչ պտի անի»։

Մարզպետն իր հերթին նույն օրենքին հղում անելով՝ ասում է, թե 2016-ին ձևավորված ավագանու գործունեության 5 տարով նախատեսված ժամկետն ավարտվել է, հետևաբար այն լուծարվում է, համայնքի ղեկավարն այլևս ավագանու անդամ չէ, ու նաև չի կարող ղեկավարել համայնքը. - «Վարչապետը եռօրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, դեկտեմբերի 5-ին նշանակված է Վանաձորի ավագանում ընտրություններ, և կձևավորվի նոր իշխանություն»։

Լոռու մարզպետը, որը ևս իշխող կուսակցության անդամ է, դեռևս չի բացահայտում նաև, թե ով կլինի իրենց թեկնածուն առաջիկա ընտրություններին։ Շրջանառվում է հենց իր անունը, ՔՊ-ի մյուս թեկնածուն Վանաձորում «Արփի» տաքսի ծառայության, ինչպես նաև գազալցակայանների սեփականատեր ու միաժամանակ մանկավարժական համալսարանի դասախոս Մանվել Ոփյանն է։ Նա չհերքեց, որ իր անվան շուրջ կուսակցությունում քննարկումներ կան, բայց հրաժարվեց հարցազրույցից, քանի դեռ Երևանում վերջնական որոշում չի կայացվել։

Մարզպետը ևս իր թեկնածության մասին որևէ հստակ տեղեկություն չի հաղորդում։

Վանաձորի ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև Վանաձորի ավագանիում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ունեցող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Նախորդ գումարման ԱԺ-Ի պատգամավոր Հրանտ Այվազյանն «Ազատությանը» փոխանցեց, որ կուսակցության խորհրդի նիստում քվեարկությամբ ամենաշատ թվով ձայներ ինքն է ստացել որպես հավանական թեկնածու. - «Կուսակցության խորհուրդը քննարկել է և մեծամասնությունը առաջարկել է իմ թեկնածությունը, որպեսզի ես գլխավորեմ ցուցակը»։

2016-ին Վանաձորի համայնքապետի համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրություններին «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի եղբայրն էր՝ Քրիստ Մարուքյանը, ով, Հրանտ Այվազյանի փոխանցմամբ, այս անգամ չի մասնակցի ընտրություններին նաև որպես ավագանու անդամ։

Վանաձորի ընտրություններին կմասնակցի նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Լուսավոր Հայաստանի» նախկին անդամ և պատգամավոր Մանե Թանդիլյանի ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցությունը, որն արդեն հայտարարում է իր թեկնածուի մասին։ Կուսակցության ցուցակը կգլխավորի Վանաձորում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դիետ» ընկերության սեփականատեր Արտավազդ Ալավերդյանը, որ բիզնեսներ ունի նաև Ռուսաստանում և Ուկրաինայում։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ամենայն հավանականությամբ կմասնակցեն Վանաձորի ընտրություններին, ու իրենց թեկնածուն կուսակցության մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը կլինի։

XS
SM
MD
LG