Այսօր Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով 441 համայնքներ միավորվելով կդառնան 38, ընդհանուր Հայաստանում կլինի 79 համայնք, Երևանն էլ ներառյալ։
Նախագծի հեղինակները պնդում են՝ դրանք կունենան ավելի արդյունավետ կառավարման համակարգ՝ կայացած ավագանիով, ավելի մեծ ծրագրեր իրականացնելու և եղած գումարներով ավելի կարևոր ծառայություններ մատուցելու հնարավորություններով։ Կառավարության այս տեսակետը, սակայն, շատերը չեն կիսում: Երկու օր առաջ ընդդիմադիր կարծիքներ հնչեցին նաև խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ։
Հանձնաժողովի նախագահ, իշխանական խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, սակայն, եղած տարաձայնություններն էական չի համարում. «Մեր տարաձայնություններն այս հարցում կայանում են փնջերի առումով` շրջանային մոդել, թե փնջային մոդել, կան տարաձայնություններ` շրջանային կամ փնջային մոդելներում, թե որն է ընտրում խոշորացված համայնքի կենտրոնները, բայց իմ կարծիքով` ինչպիսի նախագիծ էլ մենք ներկայացնենք Ազգային ժողովին, այս տարաձայնություններից մենք չէինք կարող խուսափել»:
Այս պահին Հայաստանում 866 գյուղական համայնքներ կան, որոնց մեծ մասը 3000-ից պակաս բնակիչ ունի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում ասաց՝ իրենց ուսումնասիրություններով` այդ բնակավայրերում հնարավոր չի լինում համայնքի համար կարևոր որևէ ծառայություն մատուցել, շեշտեց՝ միավորվող գյուղապետարաններում առնվազն 2 աշխատակից կլինի, որոնք կշարունակեն զբաղվել փաստաթղթային ու այլ հարցերով։
«Ոմանք դիտավորյալ, ոմանք չիմանալով հաճախ բնակիչների մեջ տարածում են, որ ձեր գյուղը փակում են, համայնքապետարանը փակվում է, դուք պետք է գնաք համայնքի խոշորացված կենտրոն, համայնքապետ կա, որ բնակչին տեսնում է, ասում է` «այ, ինչ հարցերով գալիս էիր ինձ մոտ, դե կգնաս, տեսնես` էնտեղ և այլն»:
Ես ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանում որևէ բնակավայր չի փակվելու, որևէ բնակավայրի անուն կամ ցուցանակ չի փոխվում, այն բոլոր հարցերի համար, որ համայնքի բնակիչը գնում էր համայնքապետարան, շարունակելու է գնալ իրենց համայնքապետարան», - հավաստիացրեց նախարարը:
Ընդդիմությունը նախագիծը հակասահմանադրական է համարում, լքում դահլիճը
Ընդդիմությունն այսօր նախագծի քննարկմանն ու քվեարկությանը չմասնակցեց։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստի սկզբում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը հակասահմանադրական համարեցին, դրա քննարկումը՝ հանցագործություն և հեռացան նիստերի դահլիճից։
«Ելնելով այս ամենից` «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում այս ապօրինություններին», - նիստերի դահլիճը լքելուց առաջ հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
«Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանն էլ հավելեց. «Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերն առաջին հերթին թե՛ համայնքների, թե՛ խոշորացման տրամաբանության ընտրությունը պարզ, տեսանելի քաղաքական, խիստ քաղաքական` անցանկալի ՏԻՄ ղեկավարների հեռացման նպատակ է հետապնդում, ինչպես նաև միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին` «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու այս հարցի քննարկմանը»:
Գաբրիելյան. Ընդդիմադիր գործընկերներն ինչո՞ւ են ընդհանրապես մանդատները վերցրել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը կոշտ արձագանքեց ընդդիմադիր գործընկերների բոյկոտին. «Մեր ընդդիմադիր գործընկերները, չգիտես` այս դեպքում ինչու են ընդհանրապես մանդատները վերցրել, եթե ամեն հարցի վերաբերյալ պետք է լքեն նիստերի դահլիճը ու հետո էլ հպարտությամբ հայտարարեն, որ իրենց պարգևավճարը կամ աշխատավարձը տալիս են ուրիշներին: Բնական է, որ պետք է տան, որովհետև եթե այսպես պետք է շարունակեն, կարելի է ընդհանրապես զրկել», - ասաց իշխանական խմբակցության անդամը:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո երկու փոփոխություններ տեղի ունեցան։ Արմավիրի մարզում խոշորացվող համայնքի կենտրոնը Ջրառատի փոխարեն Գայ գյուղը կդառնա։ Կոտայքի մարզում Նոր Հաճն քաղաքը նախագծով միավորվել էր Եղվարդին։ Փոփոխությունների արդյունքում Նոր Հաճնը առանձնացավ։ Նրան կմիավորվեն հարակից 8 գյուղեր։ Նախարար Գնել Սանոսյանն ասաց` մյուս առաջարկությունների դեպքում համարել են, որ իրենց փաստարկներն ավելի հիմնավոր են, և դրանք չեն ընդունվել։
Քննարկումների ժամանակ խոստումներ եղան, որ առաջիկայում կվերանայեն նաև համայնքների ղեկավարների աշխատավարձերը: Նախատեսում են նաև փոխել մարզպետարանների բովանդակությունը։