Մատչելիության հղումներ

ԱՆ-ն մշակում է ժամանցի վայրեր այցելելու համար պարտադիր պատվաստման կամ թեստավորման պահանջի նախագիծ


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի համարում, որ իր ղեկավարած գերատեսչությունը տապալել է պատվաստումային գործընթացը: Կրկին նախարարը հիշեցնում է, որ պատվաստումը չի բացառում հիվանդությունը, բայց նվազեցնում է վարակման ռիսկը, ինչպես նաև մահացածության ցուցանիշը:

Անահիտ Ավանեսյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Վարչապետի հանձնարարականից հետո քննարկվել է համատեղ գործողությունների ավելի հստակ ընթացակարգերի իրականացումը


Քովիդի դեմ պայքարն ու պատվաստումների ամբողջ գործընթացի կազմակերպումը համալիր գործողությունների մի ամբողջություն է ներկայացնում, և իհարկե դա Առողջապահության նախարարության ուղիղ գործառույթն է, ու դրա մեծ մասը ԱՆ-ի իրավասությունների շրջանակում է, ասաց նախարարը` ի պատասխան հարցի, թե ինչ են արել այդ գործընթացը բարելավելու համար: Նախարարը շարունակեց, որ ամեն դեպքում որոշ գործողություններում այլ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը ևս անհրաժեշտ է:

Հիշեցնենք, կառավարության նախորդ նիստում առողջապահության նախարարը զեկուցեց, որ պատվաստման գործընթացում թեև ակտիվացում կա, սակայն դա բավարար չէ։ Ավանեսյանը սլաքներն ուղղեց այլ կողմ՝ նշելով, որ այստեղ պատասխանատվության մեծ բաժին ունեն պատվաստման դեմ քարոզ տանողները։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ նախարարությունից արդարացումներ, բողոքներ չպետք է հնչեն, թե ով է խանգարում պատվաստման գործընթացին, ասաց՝ պետք է գործի դնել վարչական լծակները:

Ըստ նախարարի` նիստից հետո քննարկվել է համատեղ գործողությունների ավելի հստակ ընթացակարգերի իրականացումը, որը պետք է օգնի ընդհանուր առմամբ պատվաստումների ցուցանիշների բարելավմանը:

ՀՀ-ում 514 հազար 241 պատվաստում է իրականացվել

Ասուլիսի ընթացքում նա տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ` 514 հազար 241 պատվաստում է իրականացվել, առաջին դեղաչափ ստացել է 344 հազար 29 քաղաքացի, երկրորդը` 170 հազար 212-ը:

«Մենք որևէ մատնանշման արժանի կողմնակի ազդեցություն չեք գրանցել, ինչը ապացուցում է, որ պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ են», - ասաց նախարարը:

«Ուզում ենք հավաստել, որ քաղաքացին, երբ ներկայանում է աշխատանքի, չի վարակի իր գործընկերներին»

Օգտատիրոջ հարցին` եթե պատվաստված անձը կարող է վարակվել, ինչո՞ւ են աշխատանքի ներկայանալիս քաղաքացիներից թեստավորում պահանջում, Անահիտ Ավանեսյանն արձագանքեց` հիշեցնելով, որ պատվաստումները կանխարգելիչ միջոցառումներ են, որոնք նվազեցնում են վարակման ռիսկը, իսկ այդ պարագայում անձը վարակը տանում է շատ ավելի մեղմ ընթացքով, և կանխվում են մահերը:

«Մենք ուզում ենք հավաստել, որ տվյալ քաղաքացին, երբ նոր ներկայանում է աշխատանքի, չի վարակի իր գործընկերներին, այն անձանց, ում հետ աշխատում է, սպասարկում է նրանց», - հավելեց առողջապահական գերատեսչության ղեկավարը:

Ինչ վերաբերում է աշխատողներից 14 օրը մեկ ՊՇՌ թեստ պահանջելուն, նա նշեց, որ այդ ժամանակահատվածը պայմանավորված է ամբողջ ինկուբացիոն շրջանով:

Ավանեսյանը չի համարում, որ ԱՆ-ն տապալել է պատվաստման գործընթացը

Անահիտ Ավանեսյանը չի համարում, որ նախարարությունը տապալել է պատվաստման գործընթացը. «Ամբողջ ինֆոստրուկտուրան պատրաստ է շատ մեծ թվով պատվաստումներ իրականացնել», - ասաց նա: Ամեն դեպքում նկատեց` գերատեսչության թերությունը հավանաբար այն է, որ սահմանափակող միջոցառումները պետք է ավելի վաղ սկսեին:

Եվս մեկ անգամ ընդգծեց. «Պատվաստումը չի բացառում հիվանդությունը, նվազեցնում է վարակման ռիսկը»:

«Պատվաստված անձանց վարակման ռիսկը շատ ավելի քիչ է»

Հարցին, թե ինչո՞ւ պատվաստվածն էլ թեստ չի հանձնում աշխատանքի ներկայանալիս, նախարարը պատասխանեց, որ պատվաստված անձանց վարակման ռիսկը շատ ավելի քիչ է, հաճախ առանց սիմպտոմների են տանում հիվանդությունը:

Իսկ ինչո՞ւ ուսանողների վրա թեստ հանձնելու պարտադրանքը չի տարածվում, ըստ նախարարի` քանի որ նրանք առաջին հերթին աշխատավարձ չեն ստանում, այսինքն` այս պահանջը տարածելը դրել են երկրորդ էտապով իրագործելու համար:

Նոր նախագիծ

Նախարարը տեղեկացրեց նաև, որ դիտարկում են ժամանցի վայրեր` համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը. «Հիմա դրա վրա աշխատում ենք, հավաքագրում ենք փորձը, թե կարգավորման մեխանիզմները ինչպես պետք է լինեն: Նախնական նախագիծը առաջիկայում` երկու շաբաթվա ընթացքում կլինի»:

Պաշտոնավոր, թե ոչ պաշտոնավոր՝ փակ տարածքում դիմակ կրելը կարևոր է​

Անկախ նրանց պաշտոնավոր է, թե ոչ պաշտոնավոր փակ տարածքում դիմակ կրելը կարևոր է, նշեց Ավանեսյանը` հավելելով. «Այսօր մենք ունենք գերլարված առողջապահական համակարգ, որն արդեն իսկ դժվարություն ունի օրվա կտրվածքով հոսպիտալացնել քաղաքացիներին:

Ունենք բուժաշխատողների սահմանափակ ռեսուրս: Դիմակները շատ գործուն մեխանիզմ են, որ այսօրվանից էլ նվազեցնենք վարակման տեմպերը»:

Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG