Եվրամիության անդամ երկրներն առայժմ չեն ճանաչում Հայաստանում քովիդի դեմ պատվաստված քաղաքացիներին տրվող QR կոդերը։ Հայաստանում «ԱստրաԶենեկայի» ամբողջական պատվաստումը ստացած Բելլա Բաղդասարյանն այժմ Իտալիայում է և տևական ժամանակ է` խնդրի առջև է կանգնել՝ չի կարողանում օգտվել հասարակական փակ վայրերից, օրինակ՝ սրճարաններից, գրադարաններից, թատրոններից ու նույնիսկ գնացքից։
«Մեր QR-ը երբ որ իրենք սքան են անում, ցույց է տալիս invalid, քանի որ իրենք օգտագործում են մի սիստեմա, մի app ամբողջ ԵՄ-ի համար, որը չի ճանաչում մեր QR-ները, այսինքն՝ իրենց սիստեման ընդհանուր է, մեր կոդը դրա մեջ չի մտնում, - «Ազատության» հետ զրույցում պատմեց նա` շարունակելով, - «Հիմա այս պահի դրությամբ Իտալիայում պետք է ունենաս green pass, որպեսզի կարողանաս մտնել հասարակական վայրերի ներսում նստելու համար, օրինակ՝ կինոթատրոններ գնալ, ռեստորանների ներսում նստել։ Դրսում նստելու հետ կապված խնդիրներ չկան, բայց կոնկրետ մեր սերտիֆիկատը, որ ես ունեմ, չեմ կարող»:
Այժմ Բաղդասարյանը փորձում է հարցը կարգավորել արդեն Իտալիայի բուժհաստատությունների միջոցով։ «Պետք է գնաս այստեղի բժշկական կենտրոններով, որպեսզի քեզ գրանցեն իրենց բժշկական սիստեմայի մեջ, այսինքն՝ դու լինես էնտեղ գրանցված: Տանում ես քո Հայաստանում կամ այլ երկրում արված վակցինայի սերտիֆիկատները, որը պիտի ունենա ամբողջ ինֆորմացիան քո մասին, ու իրենք դա մուտքագրում են սիստեմայի մեջ: Ես դրանով զբաղվել եմ այս շաբաթ, դեռ շատ առաջընթաց չկա, վաղը նորից պետք է գնամ, որպեսզի ինձ գրանցեն սիստեմայի մեջ: Թե դրանից հետո ինչքան ժամանակում կստանամ green pass-ը, դա դեռ չգիտեմ»։
Հայաստանում պատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվում են ԱՐՄԵԴ համակարգում, քաղաքացին ստանում է QR կոդ, որը սկանավորելիս պարզ է դառնում՝ պատվաստված է, թե ոչ։ Եվրամիությունը դեռ ամիսներ առաջ ստեղծել է մի համակարգ, որը թույլ է տալիս մի երկրի կողմից տրամադրված QR կոդը մյուս երկրի համար ճանաչելի դարձնել։ Հայաստանը դեռ այդ համակարգում ներառված չէ։
Էկտրոնային առողջապահության ազգային օպերատորի տնօրեն Ավետ Մանուկյանի խոսքով՝ Արմեդ-ը տեխնիկական մասով նախորդ շաբաթ ամբողջական աշխատանքն ավարտել է, այժմ Եվրամիության պատասխանին են սպասում. «Հատուկ թեստային նմուշներ կան, նախ այդ քայլը անցանք, որ ապացուցենք` ճիշտ ճանաչում ենք բոլոր երկրների QR կոդերը։ Մեր կողմից գեներացված տարբեր իրավիճակներում QR կոդերը գեներացվեցին, ուղարկվեցին, իրենք ստուգեցին, որ ամեն ինչ ճիշտ է, այսինքն` այդտեղ ահագին բարդ վալիդացիոն պրոցես է, որը լրիվ անցել ենք, վերջացրել ենք, այս պահին մեր կողմից աշխատանքները չկան, ավարտված են, սպասման ռեժիմում ենք վերջնական, որ ասեն` ծրագիրը պատրաստ է, բերեք դեպի իրական կյանք»:
Գործընթացը համակարգող կողմերից է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչությունից «Ազատության» հարցմանը պատասխանել են, որ Հայաստանի COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի միջազգային փոխճանաչման գործընթացը մեկնարկել է երեք ամիս առաջ՝ հուլիսին։ Գերատեսչությունից հստակ ժամկետներ չեն նշում, թե ի վերջո Եվրամիության անդամ երկրները երբ կճանաչեն Հայաստանում տրված QR կոդերը։ Ըստ ԱԳՆ-ի՝ դա տեղի կունենա մոտ ապագայում։