Մատչելիության հղումներ

Արմեն Մուրադյան. Հղիության ընթացքում քովիդով հիվանդանալն անգամներով ավելի վտանգավոր է, քան պատվաստվելը


ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հորդորում է բոլոր մասնագետներին կորոնավիրուսի, դրա դեմ պատվաստման մասին խոսելիս վերլուծել, թե ինչ ծանր հետևանքներ կարող է դա ունենալ, զգույշ լինել: Ըստ նրա` ուզենք թե չուզենք, իմունիզացիոն շեմով պիտի անցնենք, «վարագույրը բարձրացնենք և անցնենք ներս»:

Արմեն Մուրադյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

New England mediacal journal-ի ուսումնասիրությունները

Արմեն Մուրադյանը նախ անդրադարձավ հարցադրմանը, թե ռեպրոդուկտիվ տարիքի երիտասարդների որոշ խմբեր խուսափում են պատվաստվել` ասելով, որ իրենց ծանոթ բժիշկն ասել է, որ դա վերարտադրողական առողջության վրա ազդում է:

«Իրարամերժ հոդվածներ, իրարամերժ կարծիքներ, այնուամենայիվ New England mediacal journal-ը տալիս է հստակ բարձր ցուցանիշ, այսինքն` 20 ինպակտ ունի, սա գործոն է, որը նշանակում է, որ ինքը շատ մեզ ազդեցություն ունի աշխարհում: Որպես օրինակ ասեմ` երբ 0.1 կամ 0.2 ազդեցության գործոնով հրապարակում ենք մենք տալիս, սա մեզ համար արդեն լրջագույն ձեռքբերում է: 20 է իր ազդեցության գործոնը:

Տալիս է, որ 35 հազար {հղի} կանանց մոտ հետազոտություն է անցկացվել, և հորմոնալ փոփոխություն բացարձակ չի նկատվել` պատվաստվել և չպատվաստվել: Մինչդեռ հիվանդանալ` հետազոտություններ կան, որ այդ բնական ճանապարհով իմունիզացիան, երբ հիվանդանալով ես գնում, այնուամենայնիվ ազդեցություն թողնում է, առավել ևս տղամարդկանց մոտ: Վերջնական այս խնդրի ամբողջական լուծումը, թե ինչքանով է հիվանդանալն ազդում, դեռևս չկան, բայց արդեն կան հստակ տվյալներ, որ հորմոնալ փոփոխություն վակցինայից հետո չի գրանցվել», - նշեց նա:

Արմեն Մուրադյանը նկատեց` մարդիկ պետք է իմանան, որ առաջին ու երկրորդ պատվաստման ընթացքում հիվանդանալու դեպքում կարող են լինել նաև որոշակի լարված դեպքեր. «Անգամ երկրորդի մինչև 14 օր ձևավորվելը կարող են լինել դեպքեր վարակման, շատ արագ հիվանդության բռնկման, որովհետև «Դելտա» շտամը շատ ավելի արագ է տալիս թոքաբորբ. եթե նախկինում 11-րդ օրն էր զարգանում պիկը, հիմա արդեն 3-4-րդ օրը մենք տեսնում ենք երկկողմանի թոքաբորբ, որոնք 1-2 օրվա մեջ կարող են ախտահարել, և տան պայմաններում շարունակել բուժելը կամ ինքնագործունեությունը տան պայմաններում շատ վտանգավոր է: Եվ մեծ լարվածություն է առաջացնում, երբ իմանում ես, որ կարող էիր օգնել, բայց ավաղ ժամանակի կորուստ, ավաղ ինֆորմացիոն դաշտի բացակայություն, ավաղ շահարկումներ»:

«Իմունիզացիոն շեմով պիտի անցնենք»

«Մենք ուզենք թե չուզենք` իմունիզացիոն շեմով պիտի անցնենք, վարագույրը բարձրացնենք և անցնենք ներս, չենք կարող ուղղակի ապրել` մենք և քովիդը, մենք փոխհարաբերվելու ենք և իմունիզացիոն շերտը պետք է հաղթահարենք` կամ բնական ճանապարհով, կամ արհեստական», - ասաց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` բնական ճանապարհով անցնելիս առողջական մի շարք խնդիրներ ու բարդություններ են ի հայտ գալիս:

«Հղիության ընթացքում հիվանդանալն անգամներով ավելի վտանգավոր է, քան պատվաստվելը», - նկատեց նա:

14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու մասին

Հարցին` կո՞ղմ է 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել աշխատավայր պատվաստված չլինելու դեպքում, բանախոսն ասաց. «Դա գործիքակազմ է, որը հաջողեց մինևև 107 հազար հասցնել մեր շաբաթական պատվաստումների թիվը, որը չէր անցնում 40 հազարը շաբաթական: Գործիք կիրառեց պետությունը, որով ապահովեց իր քաղաքացիների պատվաստումների ավելի լայնածավալ ծածկույթը: Այն գործիքները, որոնք չեն վնասում ու օրենքով թույլատրվում են, իհարկե, կիրառում են աշխարհում: Շատ լոյալ գործիք էր, որովհետև երկրներ կան, որտեղ 3 օրը մեկ էին պահանջում»:

«Հանրային առողջապահության ծրագրերը պահանջում են կոնսոլիդացիա​»

Ինչպե՞ս են երկխոսության գնում այն գործընկերների հետ, ովքեր դեմ են պատվաստմանը, այս հարցին արձագանքելով` Արմեն Մուրադյանը հորդորեց լինել շատ հանդուրժողական` չի կարելի վիրավորել, առավել ևս ժողովրդին:

«Իհարկե, կան այդպիսի մարդիկ, որոնք ոչ միայն դեմ են, այլև սկզբունքորեն տեսակետ են հայտնում, պետք է հանուրժող լինենք և լսենք իրենց: Գուցե այդ հակադրվածության մեջ ճշմարտության նոր կողմեր երևան», - ասաց Մուրադյանը` հավելելով, որ ամեն դեպքում հանրային առողջապահության ծրագրերը պահանջում են կոնսոլիդացիա. «Մենք չենք կարող մարդկանց շփոթեցնել` մի բժիշկն ասի` լավ կլինի` պատվաստվես, մյուսն ասի` շատ մեծ խնդիրներ եմ տեսնում պատվաստումների հետ»:

Իր գործընկներին հորդորում է մտերիմ զրույցները ու բանիմաց թվացող խոսքերը ևս խորապես վերլուծել:

«Պատվաստվածների և չպատվաստվածների թվաքանակի մեջ մահը կարելի՞ է հարաբերել, այստեղ եզակի դեպքերի մասին է խոսվում, 0.021 և 2 տոկոս և ավելի, այսինքն` հազարից 2 հազար անգամ տարբերվում է հավանականությունը»:

Նա նշեց` պետք է հանդուրժողական լինել այս պահին. «Մարդիկ, որոնք զգում են իրենց պատասխանատվությունն իրենց ժողովրդի հանդեպ, հասկանում են, որ իրենք գիտեն և կարող են, պետք է անպայման այդ խոսքն ասեն: Խոսել նրա մասին, որ մենք ավելին կարող էինք անել, կարող էինք անել, եթե բոլորս լինեինք իրար հետ այս հարցում: Օրինակ` ես տեսնում եմ, որ իրավաբաններն այս հարցում գտել են ինչ-որ կետ` 1-ին, թե 14-ին, և այստեղ մենք տարաձայնություններ ունենալու հետ կապված գործիքը թուլացրեցինք:

Գիտեիք, որ թուլացրել են, գայիք, ասեիք` ժողովուրդ ջան, գրել են ձեր պատկան մարմինները, խնդիր կա այստեղ, ոչ աչքիս լույսն են, ոչ էլ ուզում եմ գովաբանեն, գրել են, խնդիր եմ տեսնում այստեղ, եկեք օգնենք, իրար հետ այդ հարցը լուծենք: Ֆիքսենք, որ ստորակետը ճիշտ տեղում չեք դրել, իսկ դա կբերի հազարավոր նոր դեպքերի: Ասեք` սա էլ ռազմաճակատում մեր դիրքն է, սա էլ մենք կպահենք, եկեք ճիշտ ձևակերպեք ձեր գրածը, որովհետև սխալ եք ձևակերպել, որի արդյունքում հետո դնելու ենք և կոլեկտիվներում ասելու ենք` չէ, 1-ը չի, 14-ն է:

Ես կողմ եմ, որ բոլոր ուժերը համադրվեն, առողջ մթնոլորտ ձևավորվի այս հարցի վերաբերյալ, և այդ առողջ մթնոլորտում լինի մեկ նպատակ` մենք հաղթահարո՞ւմ ենք այս արհավիրքը, թե՞ ոչ: Շրջանցում ենք, մենք կողք ենք քաշվում և ասում ենք` թող ալիքները խփի տանի, չորրորդ ալիքն է խփում ու մեզնից տանում: Մենք ինչի՞ն ենք գնում այս հարցում, մենք բոլորս իրար հետ ենք, թե՞ մենք սպասում ենք` ինչքան լավ, էնքան վատ: Սա իշխանության հետ կապված խնդ՞իր է, սա քաղաքակա՞ն խնդիր է, սա բժշկակա՞ն խնդիր է, սա բացարձակ համամարդկային խնդիր է»:

«Մենք փաստացի ունենք 300 հազարին մոտեցող արդեն հիվանդացածներ»

Արմեն Մուրադյանը նաև հայտարարեց` բժշկական համալսարանի ենթակայության տակ գտնվող հիվանդանոցներում պատվաստումից մահանալու դեպք չի գրանցվել: «Մենք փաստացի ունենք 300 հազարին մոտեցող արդեն հիվանդացածներ, և արդեն 500 հազար ավելի դեղաչափ օգտագործած վակցինա, և եթե 500 հազարի մեջ ունենք զրո կամ մեկ շատ վատ դեպք, ցավով եմ խոսում այս դեպքի մասին, և չէի ուզենա շահարկման առիթ դարձնել, զրո կամ մեկ, այստեղ ունենք 6 հազար և ավելի: Այսօրվա թիվը (մահվան) 29 է»:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG