Մատչելիության հղումներ

Քովիդից հետո գանգատներ հիշողության, մտածողության, կենտրոնացման խնդիրների շուրջ․ ԵՊԲՀ-ն ուսումնասիրություններ է արել


Քովիդից ապաքինվելուց մեկ տարի անց Ջուլիետա Առաքելյանը դեռ համի և հոտի զգացողության խնդիրներ ունի։ Ասում է՝ նաև հիշողությունն ու տեսողությունն են տուժել։

«Սոխից առնում ես տարօրինակ համ, համեմից, մաղադանոսից առնում ես լրիվ ուրիշ համ, օրինակ, մաստիկայի կամ նավթի համ, էդպես եմ կարողանում բացատրել։ Այսինքն՝ այն կանաչեղենի կամ բանջարեղենի համերը, որոնք կային նախկինում ու հաճելի էին քիմքին, հիմա դրանք չկան», - ասաց Առաքելյանը։

33-ամյա Ջուլիետան երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացվել էր նախորդ տարվա հունիսին։ Հենց հիվանդանոցից էր «Ազատությանը» պատմել, թե ինչպես է պայքարում ապրելու համար, թե ինչ բարդ է եղել պարզապես շնչելը. «Ամենաշատը մտածում էի, որ կկարողանա՞մ հաղթահարել, թե՞ ոչ, որովհետև գալիս են պահեր, երբ շնչում էի, ու դու չես կարողանում շնչել, երբ սկսում ես շնչել, անկախ քեզանից միտք է առաջանում` դուրս եմ գալու այս ամենի մեջից, թե դուրս չեմ գալու»:

Հիմա, երբ հիվանդության ծանր ընթացքը հաղթահարված է, երբ այս ամենն անցյալում է՝ դեռ մնացել են նյարդային լարվածությունը, ուշադրության կենտրոնացման խնդիրները, հուզականությունը և այլն. «Օրինակ` անուններ չհիշել, թվեր չհիշել, նաև տեսողության հետ կապված խնդիր չեմ ունեցել, հիմա շատ դժվարությամբ եմ կարողանում կարդալ մի փոքր հեռու գրված նախադասությունները: Պետք է շատ ուժեղ կենտրոնանամ, որ ինչ-որ բաներ հիշեմ»:

Քովիդը հաղթահարած շուրջ 1500 մարդու շրջանում ուսումնասիրություններ է արել Երևանի պետական բժշկական համալսարանը, նախնական արդյունքներով, Ջուլիետայի նշած խնդիրները շատերի մոտ են արձանագրվել։

Հետազոտություններն իրականացնողներից մեկն էլ համալսարանական թիվ 1 հիվանդանոցային նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանն մի քանի բացառիկ դեպքեր է առանձնացնում: Դրանք, ասաց, հիմնականում ծերունական խնդիրներ են, բայց նկատվում են նաև 20 տարեկանից բարձր երիտասարդների մոտ:

«Քովիդից հետո, ցավոք սրտի, ունենք 20-ից 30 տարեկան տարիքային խմբում արդեն մի 3-4 պացիենտ, որոնք ունեն լուրջ կոգնիտիվ խանգարում, ու, որպես բողոք, իրենք դա ներկայացրել են քովիդից հետո․ հիշողության, մտածողության, վարքագծի, այսինքն՝ որոշումներ կայացնել, գործողություններ կատարել, էն ամեն ինչը, ինչը մարդու մտավոր բարձրագույն ֆունկցիան է», - ասաց բժիշկը։

Ֆեյսբուքյան մեր գրառմանը, թե կորոնավիրուսից բուժվելուց հետո ո՞ւմ մոտ ի՞նչ խնդիրներ են մնացել, մի քանի տասնյակ քաղաքացի է պատասխանել` ահազանգելով մազաթափության, հոտառության երկարաժամկետ կորստի, տրամադրության անկման, հոդացավերի խնդիրների, դեպրեսիայի մասին:

Մասնագետներն ասում են՝ քովիդից բուժվածների մոտ արձանագրվող այս բոլոր խնդիրների հիմքը գլխուղեղում է, ուղեղային այսպիսի փոփոխություններն աշխարհում դեռ մինչև վերջ ուսումնասիրված չեն, օրինակ՝ համի և հոտի բացակայությունը կամ դրա աղավաղումը: Այս դեպքում գլխուղեղի կռաուցվածքային փոփոխություններ թեև հազվադեպ, բայց հայտնաբերվում են. «Օրինակ` մենթոլի հոտը: Մենք որպես հոտ` մենթոլը զգում ենք հոտառական նյարդով, բայց իր սուր վիճակը զգում ենք եռորակ նյարդով, և այս պարագայում հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ ավելի շատ եռորակ նյարդն է տուժած, երբ որ դա երկարատև բնույթ է կրում: Գլխուղեղում ստրուկտուրալ փոփոխություններ հայտնաբերվում են, բայց ոչ բոլորի մոտ, հետևաբար չեմ կարող ասել, որ դա մի կենտրոնական ծագման է»:

Նյարդաբանի խոսքով՝ քովիդի սկզիբը երբեմն նաև գլխացավի և հոգնածության նախանշաններով է լինում, մարդիկ հաճախ դա շփոթում են մրսածության հետ ու բաց թողնում ամբողջական բուժում ստանալու հնարավորությունը։ Սա վտանգավոր է հատկապես այն մարդկանց համար, որոնց մոտ հետո նկատվում է պերիֆերիկ նյարդերի ախտահարում։

«Մարդու մոտ առաջանում է ինչպես քայլելու խնդիր, այնպես էլ ձեռքի և ոտքի ֆունկցիան տուժվում է, մարդը փաստացի կարող է մնալ հաշմանդամ, եթե արագ չարձագանքվի, և բուժում չիրականացվի», - նշեց Եկատերինա Հովհաննիսյանը։

Քովիդը նպաստե՞լ է, որ այդ հիվանդությունները սրվեն, թե՞ պատճառ է դարձել դրանց առաջացման․ այս և այլ հարցի ամբողջական պատասխանները մասնագետները կարող են տալ տարիներ անց, երբ երկարատև հսկողություն սահմանեն քովիդը հաղթահարած հիվանդների նկատմամբ։

ԵՊԲՀ-ի մասնագետները ենթադրում են նաև ալցհեյմեր, պարկինսոն, բազմակի սկլերոզ և մի շարք այսպիսի հիվանդությունների երիտասարդացում։ Ուսումնասիրությունները հիմա նաև այս ուղղությամբ են շարունակվում։ Բժիշկների ուշադրության կենտրոնում է COVID-19-ի հնարավոր ազդեցությունը երեխաների նյարդահոգեկան զարգացման վրա:

XS
SM
MD
LG