Մատչելիության հղումներ

Այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցն է


Արցախ - Ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքները Ստեփանակերտում, հոկտեմբեր, 2020թ․
Արցախ - Ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքները Ստեփանակերտում, հոկտեմբեր, 2020թ․

44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցը Լեռնային Ղարաբաղում նշեցին հիշատակի միջոցառումներով. Արցախի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ մատուցվեց, Մայր տաճարում ներկա էր նաև Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը:

ժամը 11-ին, ինչպես Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում ևս մեկ րոպե լռություն հայտարարվեց, ապա Արցախի նախագահի առաջնորդությամբ երթ անցկացվեց դեպի Ստեփանակերտի հուշահամալիր` Եղբայրական գերեզմանատուն, որտեղ ամփոփված են Արցախյան պատերազմների զոհերի աճյունները: Այստեղ միջադեպ գրանցվեց՝ գերեզմաններից մեկի մոտ հավաքված հարազատները, նկատելով Հարությունյանին, բղավեցին «դավաճան»` նրան մեղադրելով հազարավոր զոհերի, Շուշին հանձնելու համար:

Արայիկ Հարությունյանն այսօր ևս հրաժարվեց պատասխանել որևէ հարցի, պաշտոնական միջոցառումներին Հայաստանից ժամանած պատվիրակություն, պաշտոնյաներ չկային:

2020-ի սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտում լսվեցին առաջին պայթյունների ձայները

Մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում լսվեցին առաջին պայթյունների ձայները: Շուրջ մեկուկես ամիս ադրբեջանական զինուժը թիրախում պահեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: Պատերազմն ավարտվեց Ստեփանակերտի մատույցներում, այսօր ադրբեջանցի զինվորները հաշվված կիլոմետրերի հեռավորությամբ են:

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց տարածքների մեծ մասը, մնացյալ հատվածի շուրջ էլ խորացող անորոշություն է. Ադրբեջանը չի էլ քննարկում կարգավիճակի հարցը` պնդելով, որ ռուսական խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայվել են իր տարածքում:

Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի համոզմամբ` 4 տարուց ռուսական զինուժը չի հեռանա, թեև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ խաղաղապահների տեղակայման ժամկետը կարող է երկարաձգվել միայն կողմերի` Երևանի և Բաքվի համաձայնությամբ։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան, արխիվ
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան, արխիվ

«Խնդիրը այն է, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ որ Բաքվից դա չեն հարցնի՝ կճանաչեն և կունենան իրենց բազան, օրինակ, սցենարներից մեկը։ Սցենարներից մյուսը՝ որ դրա շանտաժի տակ կարող է այդ համաձայնությունը շարունակվել հաջորդ 5 տարվա համար, և այսպես շարունակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խանումյանը։

Արցախցիները մտադիր չեն հեռանալ

Արցախ - Փախստականները վերադառնում են Ստեփանակերտ, նոյեմբեր, 2020թ․
Արցախ - Փախստականները վերադառնում են Ստեփանակերտ, նոյեմբեր, 2020թ․

Իրենք` արցախցիները թեև ապագայի հանդեպ ունեն անորոշության զգացում, բայց ասում էին` մտադիր չեն հեռանալ, «Ազատության» հետ զրույցներում լավատեսություն արտահայտեցին, որ կարգավիճակի հարցը կլուծվի։

«Իհարկե մենք ուզում ենք անկախություն։ Մեր 30 տարվա պատերազմը դրա համար էր», - ասաց «Ազատության» մեկ այլ զրուցակից։

«Գուբերնյա ռասիյսկի՝ ուրիշ բան չկա, ստեղ խոդ կա ոչ։ Ռուսը պիտի մեզ պահի, վսյո։ Հայաստանը ուժ չունի, Հայաստանը ինքն էլ ա տանջված կյանքի մեջ, Հայաստանի դրությունը ավելի ծանր ա, քան թե Ղարաբաղի, Ղարաբաղը ուժե ռասիյսկի կազմի մեջ ա», - ասաց երրորդը։

«Լավն էն ա՝ մահանաս կանգնած, քան թե ապրես ծնկաչոք։ Մենք ծնկաչոք այլևս ապրելու ոչ մի ցանկություն չունենք, մենք պետք է ազատ, անկախ ապրենք», - ընդգծեց մեկ այլ արցախցի։

Ադրբեջանում այսօր` սեպտեմբերի 27-ը պաշտոնապես նշվում է որպես Հիշատակի օր, Իլհամ Ալիևի մեկ այլ հրամանագրով էլ պատերազմի ավարտի օրը` նոյեմբերի 10-ը ընդգրկվել է երկրի տոնացույցում` որպես Հաղթանակի օր:

Կարլեն Ասլանյան, Ստեփանակերտից

XS
SM
MD
LG