Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում քննարկվելու է ղարաբաղյան պատերազմի հետևանքները վերացնելու զեկույցը


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված է բանաձևի մի նախագիծ, որի նպատակն է օժանդակել վերացնելու հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները և առաջ մղել խաղաղության և հաշտեցման գործընթացը։

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ողբերգական հակամարտությունից հետո միգրացիոն հանձնաժողովը կազմել է կողմերին ուղղված մի շարք առաջարկներ։

Հանձնաժողովը հաստատել է բանաձևն ու առաջարկները, որոնք կազմվել են իռլանդացի պատգամավոր Պոլ Գեյվընի զեկույցի հիման վրա, ով այցել էր Հայաստան և Ադրբեջան։

Հանձնաժողովը նշել է, թե մտահոգված է հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և այլ անօրինական գործողությունների մասին բազմաթիվ մեղադրանքներով՝ վեց շաբաթյա պատերազմի ընթացքում։

Թվարկելով մեղադրանքները, հանձնաժողովը կողմերին կոչ է անում ամբողջովին հետաքննել դրանք և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, այդ թվում՝ հրամանատարների մակարդակով, ինչպես նաև լիակատար համագործակցել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ՝ նրանց դեմ այնտեղ ներկայացված հայցերի գործերով։

Եթե չլինի հաշվետվություն, ինչ-որ ձևովով ճշմարտություն և հաշտեցում, այդ մեղադրանքները կթունավորեն երկու երկրների միջև հարաբերությունները մի քանի սերունդների ընթացքում և հակամարտության հետևանքները կպահպանվեն, նշել է ԵԽԽՎ-ի հանձնաժողովը։

Նրանք ողջունել են Ադրբեջանի կողմից անցած հունիսին և հուլիսին հայ գերիների երկու խմբերին ազատ արձակելը, ինչի արդյունքում վերադարձվածների թիվն անցավ հարյուրը, և Ադրբեջանի իշխանություններին կոչ արել անհապաղ ազատ արձակել գերության մեջ պահվող բոլոր մարդկանց և վերադարձնել նրանց Հայաստան։

Հանձնաժողովը նաև ափսոսանք է հայտնել, որ անցած տարվա նոյեմբերից մարտական գործողությունների ավարտից հետո 159 ադրբեջանցիներ և 5 հայեր զոհվել կամ վիրավորվել են ականների վրա պայթելու հետևանքով, և Հայաստանին կոչ է արել անհապաղ տրամադրել իր մոտ գտնող ականապատված դաշտերի բոլոր քարտեզները։

Այս տարվա մայիսին տեղի ունեցած սահմանային միջադեպերի կապակցությամբ, երբ Հայաստանը Ադրբեջանին մեղադրեց երեք ուղղություններով մի քանի կիլոմետր իր տարածք մտնելու մեջ, ԵԽԽՎ-ի հանձնաժողովը երկու կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը և սկսել սահմանի դեմարկացիայի գործընթացի բանակցությունները։

Ինչ վերաբերում է տեղահանված մարդկանց, հանձնաժողովը միջազգային հանրությանը կոչ է անում շարունակել աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին, իսկ կողմերին՝ արդյունավետ օգտագործել Եվրոպայի Խորհրդի փորձառությունը։ Կողմերին նաև առաջարկվում է պայքարել ատելության հրահրման, ատելության շարժառիթներով հանցագործությունների դեմ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ համապատասխան օրենսդրություն ընդունելու ճանապարհով։

Հանձնաժողովը նաև նշել է, որ երկարատև հակամարտությունը աղետալի հետևանքներ է ունեցել տարածաշրջանի մշակութային ժառանգության և գույքի վրա։

Հանձնաժողովի անդամները երկու հատուկ կարծիք են ներկայացրել, որոնք կցվել են իռլանդացի պատգամավորի զեկույցին։ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում այն քննարկվելու է սեպտեմբերի 27-ին։

XS
SM
MD
LG