Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը, հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով՝ փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ:
Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ, նշում է Պաշտպանը՝ շեշտելով՝ ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:
«Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է», - ասված է Թաթոյանի հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։
Թաթոյանը նշում է, որ այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է: