Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են:
Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Պաշտպանը ճանապարհի փակման միջադեպով հաղորդումներ կուղարկի միջազգային մարմիններին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի՝ Դավիթ Բեկ գյուղի հատվածի, փակման միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկի համապատասխան միջազգային մարմիններին:
Թաթոյանը գիշերը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել ու հրաժարվում են բացել ճանապարհը։
Պաշտպանն այս արարքները հանցավոր է որակում՝ նշելով՝ սահմանափակվել է մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների, ազատ տեղաշարժը:
«Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ: Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիկան մեքենաները դուրս են բերվել: Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել», - գրել է Թաթոյանը։